PRS1200 Concrete Block Machine Installation Process

⚙️ High-capacity machine
⚙️ Fully automatic batching system
⚙️ Fully automatic machine with easy maintenance

📲 +90 549 325 6670

#PRS #concrete #concreteblock #concreteblockmachine #blockmachine #construction #africa #turkish #turkishgoods #madeinturkey #startup business

Made in Turkey պիտակներ՝ Հայաստանում․ թուրքական ապրանքների ներթափանցման հետքերով

Հայաստանը մեկ տարի է, ինչ արգելում է թուրքական պատրաստի ապրանքների ներկրումը Հայաստան։ Այս որոշումը ՀՀ կառավարությունն ընդունեց 2020-ի հոկտեմբերի 20-ին՝ 44-օրյա պատերազմի օրերին։ Քանի որ ԵԱՏՄ կանոնակարգերով արգելքը կարող է լինել առավելագույնը վեց ամսով, Հայաստանը այն սահմանել ու երկարաձգել է 2021-ի ամռանը։ Սա ստեղծում է անորոշություն գործարարների համար, միևնույն ժամանակ, առաջացնում է հարցեր սպառողի մոտ՝ թուրքական պատրաստի ապրանքն իսկապե՞ս Հայաստան չի ներկրվում։ ՍիվիլՆեթը փորձել է գտնել այս հարցի պատասխանը սեփական հետաքննության միջոցով։

Որտե՞ղ կարելի է գտնել թուրքական հագուստ

Հասկանալու համար, թե թուրքական արտադրության հագուստ վաճառվում է Հայաստանում, թե՝ ոչ, դեկտեմբերի սկզբում շրջեցինք մի քանի մոլերում։ Մեր ուշադրության կենտրոնում խանութների այն մեծ ցանցերն էին, որոնք մինչև արգելքը թուրքական ապրանքներ էին վաճառում։ Օրինակ, LC Waikiki-ում թե կանանց, թե տղամարդկանց բաժնում մի շարք ապրանքներ նայելուց հետո մեզ հաջողվեց զեղչված հագուստի մեջ Made in Turkey գրությամբ մի քանի նմուշ գտնել։ ____

Թե այս, թե մյուս խանութներում ապրանքները հիմնականում արտադրված էին Չինաստանում, Բանգլադեշում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Ղազախստանում, Կամբոջայում։ Կային նաև հայկական արտադրության խանութներ կամ ապրանքներ։

Բոլորովին այլ պատկեր է տոնավաճառներում, որտեղ հետշտությամբ գտանք Made in Turkey պիտակով հագուստ։

Թուրքական պատրաստի ապրանքներ Հայաստան են հասնում զարտուղի ճանապարհով

Թուրքական ապրանքները շարունակել են հայկական շուկա մտնել ապօրինի սխեմաներով: Դա 2021-ի փետրվարին հաստատել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը։ Ըստ նրա՝ կան ներմուծողներ, որոնք փորձում են իրենց ներկրած ապրանքը ներկայացնել այլ երկրի անվան տակ:

Գործող արգելքով Հայաստան Թուրքիայից հումք հնարավոր է ներկրել, բայց ոչ պատրաստի ապրանք։ Մինչ այդ՝ 2010-2020 թվականներին, Հայաստանը տարեկան 137-270 մլն դոլարի ապրանք է ներմուծել Թուրքիայից: Hetq.am կայքի ուսումանսիրության համաձայն _՝ որոշ ներկրվող ապրանքների (տրիկոտաժե պաստառներ, բամբակե գործվածքներ, ցիտրուսային պտուղներ, ալյումինե ձողեր) 50-90%-ը թուրքական ծագման էր նախկինում: _

Երևանում գործող տոնավաճառներից մեկի վաճառողները, որոնք ցանկացան անանուն մնալ, ՍիվիլՆեթի հետ զրույցում փաստեցին, որ տոնավաճառում շատ են թուրքական արտադրության իրերը։ Նրանք նաև տեղյակ էին, թե ինչ ճանապարհներով է Թուրքիայից պատրաստի ապրանքը հասնում Հայաստան։

Ճանապարհներից մեկը պատրաստի ապրանքը հումքի տակ անցկացնելն է

Ապրանքը, ըստ վաճառողի, Հայաստան է հասնում կոնկրետ շղթայի միջոցով։ Առաջին օղակը վերջին տարիներին այնտեղ հաստատված հայերն են։ Նրանք խանութներից ուղարկում են ապրանքների նկարները, տեղի վաճառողները ընտրում են մոդելը, գույնը, չափսերը։

Պատվերը փոխանցվում է մարդկանց, որոնք իրենց տոկոսներով ապրանքը հասցնում են Հայաստան և մեծածախ վաճառում։ Ըստ վաճառողների ունեցած տեղեկությունների՝ թուրքական ապրանքը Հայաստան հասնում է Մոսկվայով։

**Այս երկար շղթայի արդյունքում ապրանքի գինը բարձրացել է․ կիլոգրամի դիմաց նախկին 3,5 դոլարի փոխարեն այժմ վճարվում է 10 դոլար։ **

Ավելին, նախկինում Թուրքիա գնացող վաճառականներն էին շատ, ապրանքի առաքումն էլ արագ էր ընթանում, ինչը թույլ էր տալիս մրցակցային ցածր գին ունենալ։

«Եթե նախկինում ամեն երկրորդը բերող էր, հիմա էստեղ հինգ հոգի բերող չես գտնի»,- ասում են տոնավաճառի աշխատակիցները։ Արդյունքում այստեղ բաժիններ են փակվել։

«Դաշտը մնացել ա կոնկրետ մարդկանց։ Եթե նախկինում մարդը կարող էր գնալ Թուրքիա ու երկու ձեռքի ճամպրուկ բերել՝ մինիմալի վրա վաճառել, հիմա ստիպված են էստեղից վերավաճառող հանդիսանալ ու մեծածախից առնել։ Սա էլ գնաճ ա գալիս, որը խփում է հաճախորդի գրպանին։ Եթե պետք ա ջինսը առնեիք 8 հազարով, առնում եք 15 հազարով», - ասաց վաճառողը։

Նա նաև վստահեցրեց՝ իր բաժնում կա թուրքական արտադրության ապրանք, որը 2021-ի գարնանն է բերվել։ Նա ասում է․ «Այսինքն սա արհեստական ա։ Եթե նույն Թուրքիան ա գալիս, գոնե թող նույն գնով գա, ասածս էդ ա։ Շահում են օպտավիկները»։

Բացի ներկրման զարտուղի ճանապարհից, ըստ վաճառողների, կա նաև պիտակները փոխելու կամ հեռացնելու մեխանիզը։ Այսինքն, Made in Turkey գրությամբ պիտակը մինչև Հայաստան հասնելը փոխվում է կամ Թուրքիայում՝ խանութում, կտրում են, կամ վերը նշված սխեմայով բերվում է Հայաստան ու այստեղ կտրվում։

Կտրված պիտակներով շորեր նկատել ենք մեր այցելած խանութներում։ Մի խանութում էլ ոչ միայն արտադրության երկրի պիտակն էր բացակայում, այլև հագուստի բրենդի անունը։

Մի վաճառող էլ, որը նախկինում Թուրքիայից էր իր բաժնի համար ապրանք բերում, մեզ հետ զրույցում ևս հաստատեց, որ մեծածախում թուրքական ապրանք հայտնվում է։ «Պիտակը չկա, բայց մենք շորը ճանաչում ենք», - ասաց նա։ Նա ցույց տվեց մի խանութի ինստագրամյան էջը, որտեղ, ըստ նրա, արագ հայտնվում են այն թուրքական խանութի մոդելները, որտեղից նախկինում ինքն էր ապրանք բերում։

Վիզուալ հետաքննությունը հաստատում է վաճառողի պնդումը

Մենք ուսումնասիրեցինք խանութի զգեստները և վիզուալ հետաքննության միջոցով գտանք այն թուրքական խանութներից մեկը, որտեղից իրեր են վաճառվում այս խանութում։

Նկարներից մի քանիսում երևում է տարբերանշան, որը ինչպես պարզեցինք պատկանում է Black Rich խանութին։ Հետագա որոնումով պարզեցինք, որ խանութը գտնվում է Թուրքիայում՝ Ստամբուլում։

Ուսումնասիրելով խանութի ինստագրամյան էջի բովանդակությունը՝ գտանք զգեստներ, որոնց տարբեր գուները առկա են հայկական ու թուրքական խանութում՝ նույն մոդելի հագին։

Ապա զանգահարեցինք խանութ և որպես գնորդ ներկայանլով՝ հարցրինք, թե որտեղից է բերվում հագուստը։ Պատախսանեցին՝ «կեսը լեհական է, կեսը՝ իտալական»։

Օգտատերը ահազանգում է՝ Made in Armenian-ն մի քանի անգամ լվանալուց հետո դարձել է Made in Turkey

2016-ից Ֆեյսբուքում ստեղծվել է «Հանուն Հայկականի» խումբ, որտեղ օգտատերերը գտնում են և առաջարկում հայկական արտադրության ապրանքներ։ Օրեր առաջ Փառանձեմ Հովհաննիսյան անունով օգտատերը հրապարակում արեց․ նա գնել է հայկական արտադրության անկողնային պարագա։ Մի քանի անգամ լվանալուց հետո դրա պիտակի վրայի Made in Armenia գրությունը մաքրվել է, հայտնվել է Made in Turkey գրությունը։

https://www.facebook.com/groups/1599552626950021/permalink/2853883028183635/

«Ուրեմն՝ ուզբեկական կտորի և հայկական կարի անվան տակ շուկայականից թանկ պատվիրել եմ սպիտակեղեն, մի քանի անգամ լվանալուց հետո Made in Armenia գրվածը մաքրվել է, փոխարենը տակից բացվել է սա։ Իսկ ես էնքան էի ուրախացել, որ վերջապես գտնվել է մի արտադրող, որը մեկ օրում կարեց, շատ բարեհամբույր առաքեց սպիտակեղենը, ոչինչ որ ավելի թանկ, քան սովորաբար է […] », - գրել է օգտատերը։

Թուրքական ապրանքը արգելվում է, թուրքական բրենդերը՝ վաճառվում և առցանց պատվիրվում

Արգելքից հետո Հայաստանը պետական մակարդակով դադարեցրել է Թուրքիայում արտադրված հագուստի հոսքը Հայաստան։ Սակայն մի շարք թուրքակակն բրենդեր՝ Koton, LC WAIKIKI, DeFacto, Penti, շարունակում են վաճառվել Հայաստանում։ Միայն թե այս դեպքում ապրանքի արտադրման երկիրը Թուրքիան չէ։

Թուրքական ապրանքի ներմուծման արգելքից հետո Հայաստանում փակվեցին մի շարք մեծ ու փոքր խանութներ։ Սակայն թուրքական արտադրության իրեր վաճառվում են առցանց խանութներում, դրանք հեշտությամբ կարելի է պատվիրել և ստանալ Հայաստանում։ Ավելին, պատվերը կարելի է կատարել հենց Թուրքիայից։

Որպես հաճախորդ ներկայանալով՝ հարցրեցինք բեռնափոխադրող ընկերությունների, թե արդյոք կարո՞ղ ենք Թուրքիայում գտնվող խանութից մեր հավանած շորը պատվիրել՝ առաքման հասցե նշելով Ռուսաստանի մեր հասցեն։ Պարզվեց՝ դա հնարավոր է, եթե խանութն ունի Курьерская доставка առաքման տարբերակը․

Հագուստը գերակա ուղղություն է, դրա հումքը՝ Թուրքիայից

Տարեսկզբին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց․ «Մենք մտադիր ենք արգելքը պահել այնքան ժամանակ, մինչև այդ ապրանքները փոխարինվեն Հայաստանում, ԵԱՏՄ-ում, Չինաստանում կամ այլ երկրներում արտադրված ապրանքներով»։

Նախարարության մամուլի ծառայությունը ՍիվիլՆեթի հարցերին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ արգելքից հետո կար կանխատեսում, թե տնտեսության մի շարք ճյուղեր կենթարկվեն կոլապսի։ Սա տեղի չի ունեցել: Ավելին, ըստ նախարարության՝ արգելքը «տնտեսության որոշ ճյուղերի վրա որոշակի դրական ազդեցություն է ունեցել»: Հիմնվել են տեղական արտադրություններ՝ տեքստիլի, կոշկագործության, կահույքի, շինանյութերի, լվացող մաքրող միջոցների բնագավառներում, ինչպես նաև բացվել են ներկերի և սոսնձի արտադրություններ:

Դեկտեմբերի 6-ին ՍիվիլՆեթը նախարարությանը գրավոր հարցում ուղարկեց՝ խնդրելով տրամադրել այն արտադրությունների ցանկը, որը մինչև դեկտեմբերի 22-ը չենք ստացել։

The post Made in Turkey պիտակներ՝ Հայաստանում․ թուրքական ապրանքների ներթափանցման հետքերով appeared first on CIVILNET.

#թուրքիա #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #տնտեսություն #madeinturkey #թուրքականապրանքներ #ներմուծումհայաստան

Տնտեսությունն ի վիճակի է դիմակայել թուրքական ապրանքների արգելքին. Էկոնոմիկայի նախարարություն

**Թուրքական ծագման ապրանքների՝Հայաստան ներմուծման արգելքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին։ Այն երկարաձգելու կամ չեղարկելու վերաբերյալ բուռն քննարկումներ են ընթանում իշխանության ներսում: Եթե ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի կիրառման հարցում կար հստակ կոնսենսուս, ապա այժմ տրամադրություններն այլ են: **

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տեսակետները տրամագծորեն տարբեր են: ՔՊ-ական պատգամավորների մի մասը կարծում է, որ 2021-ի սկզբից կիրառված արգելքը՝ որպես պատասխան քայլ Թուրքիայի բացահայտ աջակցությանն Ադրբեջանին Արցախի դեմ 44-օրյա պատերազմում, պետք է չեղարկել, քանի որ «Էկոնոմիկայի նախարարությունը չունի վերլուծություն՝ թուրքական ապրանքների արգելքի ազդեցության մասին»: Մյուս կողմից, նրանք նշում են, որ ներկրման արգելքը կիրառվել է ոչ թե տնտեսական հաշվարկներով, այլ քաղաքական գործոնով պայամանվորված: Էկոնոմիկայի նախարարությունը, ընդհակառակը, արգելքի երկարաձգման կողմնակից է: Նախարարության մամուլի ծառայությունը ՍիվիլՆեթի հարցերին ի պատասխան՝ ներկայացնում է կառույցի տեսակետը հիմնավորող որոշ հաշվարկներ: Ստորև՝ ՍիվիլՆեթի հարցերն ու գերատեսչության պատասխանները։

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը կիրառվում է 2021-ի սկզբից: Վերջին մեկ տարում Հայաստանում ստեղծվե՞լ են թուրքական ծագման ապրանքները փոխարինող նոր արտադրություններ:

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորումը։

Նախքան արգելքի կիրառումը Հայաստանի Հանրապետություն թուրքական ապրանքների ներմուծման ծավալը կազմել է տարեկան մոտ 267 մլն ԱՄՆ դոլար: Սակայն, հարկ է արձանագրել, որ մինչ ս/թ սեպտեմբեր ամիսը այն կազմել է ընդամենը 20 մլն ԱՄՆ դոլար թույլատրելի, վերամշակման ենթակա ապրանքների կամ հումքի ներկրման արդյունքում: Միաժամանակ, այն կանխատեսումները, թե թուրքական ապրանքների ներկրման արգելքի արդյունքում տնտեսության մի շարք ճյուղեր կենթարկվեն կոլապսի, տեղի չեն ունեցել: Ավելին՝ այն տնտեսության որոշ ճյուղերի վրա որոշակի դրական ազդեցություն է ունեցել:

Մասնավորապես, հիմնվել են տեղական արտադրություններ՝ տեքստիլի, կոշկագործության, կահույքի, շինանյութերի, լվացող մաքրող միջոցների արտադրության բնագավառներում, ինչպես նաև բացվել են ներկերի և սոսնձի արտադրություններ: Հարկ է նշել նաև, որ գործող հայրենական կազմակերպությունները նույնպես ընդլայնել են իրենց գործունեությունը, ինչպես նաև ստեղծել են նոր աշխատատեղեր։ Նախարարությունը տեղյակ է նաև հիմնման փուլում գտնվող խոշոր արտադրությունների մասին:

Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ նոր արտադրության հիմնումը երկարաժամկետ գործընթաց է և ի տարբերություն ներմուծման՝ անհրաժեշտ է սպասել միջինում 3-5 տարի, որպեսզի արտադրության արդյունքը տեսանելի լինի։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մասնավոր հատվածը և պետությունը պետք է պատրաստ և համբերատար սպասեն զարգացած արտադրություն ունենալուն։

Արդյոք ներկրողները հարմարվե՞լ են խաղի նոր կանոններին: Նրանց հաջողվե՞լ է թուրքական պատրաստի ապրանքների ներմուծման նոր շուկաներ ու ուղղություներ գտնել:

Արգելքից հետո հնարավոր պակասուրդը տեղական արտադրությամբ լրացնելուց բացի, դիտարկվել է նաև այլընտրանքային շուկաների որոնման և այլ երկրներից ներմուծումներով փոխարինման հարցը: Փոխարինումը եղել է հիմնականում ԵԱՏՄ շուկայի միջոցով, որի շրջանակում իրականացվում է առանց մաքսատուրքի գանձման առևտուր, ինչպես նաև ԵՄ շուկայի միջոցով:

Ներկա փուլում վիճակագրական տվյալների վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ մի շարք ապրանքների մասով տեղի է ունեցել թիրախային շուկաների փոփոխություն և նոր առևտրատնտեսական հարաբերությունների ձևավորում։ Մասնավորապես՝ նավթ, նավթամթերքի մասով արձանագրվել է ՀՀ ներմուծման ծավալների աճ ՌԴ-ից 61%-ով, իսկ Իտալիայից՝ 29 անգամ։ Կոշիկի շուկայի մասով ունենք նոր թիրախային շուկա՝ ԱՄԷ, որտեղից ներմուծումը կազմել է մոտ 1,3 մլն ԱՄՆ դոլար։

Անհրաժեշտ է արձանագրել նաև, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման որոշակի ծավալների պահպանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջիններիս հիմնական առավելությունը հայ սպառողների և տնտեսվարողների համար գինն է, ինչի շնորհիվ վերոնշյալ ապրանքատեսակները մեր երկրում բավականին մրցունակ են։ Ելնելով վերոգրյալից՝ կարևորվում է այլընտրանքային շուկաների որոնման կամ տեղական արտադրության կազմակերպման հիմնախնդիրների լուծումը։ Այլ երկրներից ներմուծման գործընթացը կազմակերպելու համար թուրքական ծագման ապրանքների ներմուծմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները պետք է իրականացնեն մատչելի տարբերակների որոնման, բիզնես կապերի հաստատման, ներմուծման գործընթացների կազմակերպման և այլ աշխատանքներ։ Բացի դրանից, թուրքական ծագման ապրանքները Հայաստանում մրցունակ են նաև տրանսպորտային ծախսերի առումով, ինչն աշխարհագրական դիրքի պատճառով հեռու գտնվող երկրներից ներմուծվող ապրանքների դեպքում բավականին խնդրահարույց է։

Ինչպե՞ս է արգելքն ազդել տնտեսության վրա:

Հաշվի առնելով, որ արգելքը լիարժեք սկսել է գործել հուլիս ամսին՝ որոշման ևս 6 ամիս երկարաձգումից հետո, Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի՝ հայաստանյան տնտեսության վրա ազդեցության գնահատումը, այլընտրանքային շուկաների որոնումը, ներկայացված ապրանքատեսակները փոխարինող տեղական արտադրությունների հիմնումը պահանջում են ավելի երկարաժամկետ լուծումներ, իսկ դա կարճաժամկետում իրականացնել գործնականում հնարավոր չէ։ Միաժամանակ, անհրաժեշտ է նաև որոշակի ժամանակահատված դեռևս 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներկրված թուրքական ծագում ունեցող ապրանքների վերջնական սպառման և շուկայից դուրս մղման համար, ինչը պայմանավորված է ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին տնտեսական վնաս չպատճառելու հանգամանքով։

Թուրքական ծագման ապրանքների արգելքի համեմատաբար մեղմ ազդեցությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ համավարակի սկզբից ի վեր Հայաստանում մեծ տեմպերով աճում է էլեկտրոնային առևտուրը, որը թույլ է տալիս մի շարք ապրանքներ ձեռք բերել նաև նշված գործիքի կիրառմամբ։

Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս, որ հետպատերազմական շրջանում երկրներն ունենում են միջինում 7-10% տնտեսական անկում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 4,4%՝ կարելի է եզրահանգել, որ Հայաստանի տնտեսությունն ի վիճակի է դիմակայել նաև թուրքական ապրանքների արգելքի պայմաններում։

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի թեմայով ՍիվիլՆեթը կազմակերպել է քննարկում, որին մասնակցել են ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը, «Սոֆթ Պապիրուս» ընկերության ղեկավար Տիգրան Կարապետյանը։

Արշալույս Մղդեսյան

The post Տնտեսությունն ի վիճակի է դիմակայել թուրքական ապրանքների արգելքին. Էկոնոմիկայի նախարարություն appeared first on CIVILNET.

#գլխավոր #թուրքիա #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #հարեւաններ #տնտեսություն #madeinturkey #արգելք #հայաստանիտնտեսություն #պատերազմ