Կարդացեի Դիան Արբուսի կենսագրությունը՝ գրված լրագրող Արթուր Լուբովի կողմից։ Սա ամբողջական կենսագրությունն է, եթե հետաքրքրված եք նրա կյանքով (կամ 60-ական Նյու-Յորքի լուսանկարչական միջավայրով), այս գիրքը սպառիչ է։ Արբուսի լուսանկարները մխրճվում են հիշողության մեջ, ոչ միայն որովհետև բացասական, անհարմար էմոցիա առաջացնող են, այլ նաև թե ինչպես են կերպարները կարծես սառել ժամանակի, տարածության, մենակության, անադեկվատության, աբսուրդի մեջ։ Լուսանկարներից բավականին պարզ է, թե ինչպիսի մարդ էր ինքն Արբուսը՝ արտոնյալ, «էլիտար» միջավայրից դուրս եկած աղջիկ, մեծացել էր շատ հարուստ, բայց խիստ դիսֆունկցիոնալ հրեա միգրանտների ընտանիքում՝ սեփական «ես»-ի և անձնական սահմանների ոչ լիովին ձևավորված զգացումով։ Քանի որ մեծացել էր ջերմոցային, գերպաշտպանված միջավայրում, նրան ձգում էր ամեն արտասովոր, մարգինալ, ծայրահեղ բան, մարդիկ և իրավիճակներ, որոնք հնարավորինս հեռու էին իր սեփականից։ Միևնույն ժամանակ, ունենալով դեպրեսիա և այլ հոգեկան դժվարություններ, իրեն զգում էր ՛նորմալ՛ հասարակությունից ու կյանքից դուրս մնացած, ապա մտերմություն, կապ էր զգում այլ մարգինալացված մարդկանց հանդեպ։ Կարևոր է ընդգծել, որ Արբուսի աշխատանքը ընդհանրապես որևէ հասարակական ակտիվիզմի ու քաղաքականության մասին չէր, բայց նաև էժան շահագործում չէր, ինչպես թվում է ոմանց, թեև նա երբեմն դիմում էր բավական կասկածելի գործելակերպերի։ Հայտնի է, ասենք, որ նա ունեցել է բազմաթիվ խառը սեռական կապեր, նաև իր լուսանկարների հերոսների հետ, հաճախել է «վտանգավոր» համայնքներ սեքս փնթրելով, նույնիսկ պարզապես գնացել ու սեքս առաջարկել պատահական անծանոթների։ Ծանոթները ասում էին, թե նա իրեն պահում էր ինչպես համասեռական տղամարդ։ Կարծում եմ՝ բավական ակնհայտ է, որ նա անընդհատ, հուսահատ փնտրում էր ինչ-որ կոնտակտ, կապ, և ձգվում էր դեպի մարգինալն ու ծայրահեղը, գուցե որպեսզի գոնե մի բան զգար, իրեն ավելի կենդանի զգար, զգար, որ գոյություն ունի։ Վերջերս մեկ նկարի փրինտը վաճառվեց $785,000 իսկ տասը նկարներով օրիգինալ պորտֆոլիոն $1.01m․
Հ․Գ․ Իր անունը արտասանվում էր հենց Դիան (ոչ Դայեն կամ Դիանա, ինչպես հայերեն Վիքիում է) #լուսանկարչություն #արբուս #photography #arbus




