ani (unofficial)

@aniarc@ծմակուտ.հայ
10 Followers
0 Following
1.9K Posts

Բուդապեշտից՝ Լիսաբոն. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները 1994-1996թթ

Փետրվար ամսվա ընթացքում ԱԼԻՔ-ի տաղավարում՝ 8 հարցազրույցներով, Թաթուլ Հակոբյանը և Յուրի Մովսեսյանը խոսելու են Արցախյան հակամարտության բանակցային պատմությունից: Սա առաջին հատվածն է, որտեղ անդրադարձ է կատարվում Բուդապեշտի ու Լիսաբոնի գագաթաժողովներին և դրան նախորդող ժամանակահատվածին:

The post Բուդապեշտից՝ Լիսաբոն. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները 1994-1996թթ appeared first on Aniarc.

#news #video #featured

Բուդապեշտից՝ Լիսաբոն. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները 1994-1996թթ - Aniarc

Փետրվար ամսվա ընթացքում ԱԼԻՔ-ի տաղավարում՝ 8 հարցազրույցներով, Թաթուլ Հակոբյանը և Յուրի Մովսեսյանը խոսելու են Արցախյան հակամարտության բանակցային պատմությունից: Սա առաջին հատվածն է, որտեղ անդրադարձ է կատարվում Բուդապեշտի ու Լիսաբոնի գագաթաժողովներին և դրան նախորդող ժամանակահատվածին:

Aniarc

Ամերիկան՝ ծայրից ծայր. Թաթուլ Հակոբյանը հունվարին ելույթներ կունանա մեկ տասնյակ քաղաքներում և նահանգներում

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը 2025 թվականի հունվարին հանդիպում-քննարկումների շարք կունենա Միացյալ Նահանգների մեկ տասնյակից ավելի նահանգներում և քաղաքներում:

«Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ և վտանգներ»՝ սա է լինելու Հակոբյանի հանդիպում-քննարկումների առանցքում:

Բոլոր միջոցառումները կլինեն նույն ձևաչափով՝ 25 րոպե ելույթ, 40 րոպե՝ հարց-պատասխան, 15 րոպե՝ գրքերի ստորագրություն: Ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերել Հակոբյանի հեղինակած և ԱՆԻ կենտրոնի հրատարակած հատորները:

Նախատեսվում են այցելություններ ԱՄՆ-ի Արևելյան և Արևմտյան ափեր, ինչպես նաև կենտրոնական, հյուսիսային և հարավային նահանգներ ու քաղաքներ:

Հանդիպումների վայրերի, միջոցառումների տեղի, ժամի ու կազմակերպիչների մասին կտեղեկացնենք հավելյալ:

Այն կազմակերպությունները կամ անհատները, ովքեր կցանկանան մասնակցել այդ ձեռնարկների իրականություն դառնալուն, կարող են անմիջական կապվել Թաթուլ Հակոբյանի հետ՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին կամ հեռախոսահամարին՝

aniarcf@gmail.com

tatarmen@yahoo.com

viber and Whatsapp - 374 91 42 64 35

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

The post Ամերիկան՝ ծայրից ծայր. Թաթուլ Հակոբյանը հունվարին ելույթներ կունանա մեկ տասնյակ քաղաքներում և նահանգներում appeared first on Aniarc.

#news #featured

Ամերիկան՝ ծայրից ծայր. Թաթուլ Հակոբյանը հունվարին ելույթներ կունանա մեկ տասնյակ քաղաքներում և նահանգներում - Aniarc

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը 2025 թվականի հունվարին հանդիպում-քննարկումների շարք կունենա Միացյալ Նահանգների մեկ տասնյակից ավելի նահանգներում և քաղաքներում: «Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ և վտանգներ»՝ սա է լինելու Հակոբյանի հանդիպում-քննարկումների առանցքում: Բոլոր միջոցառումները կլինեն նույն ձևաչափով՝ 25 րոպե ելույթ, 40 րոպե՝ հարց-պատասխան, 15 րոպե՝ գրքերի […]

Aniarc

Թուրքիայի հետ հաշտության համար պետք է լինել ուժեղ. Համո Օհանջանյանի կառավարություն (20 նոյեմբերի, 1920թ)

Կառավարական հաղորդագրություն

Նոյեմբերի 18-ին մեր և թուրքերի միջև կնքված է զինադադար, և այդ օրից զինվորական գործողությունները կանգ են առել: Ըստ այդ զինադադարի պայմանների՝ թշնամու զորքերը բռնում են Ալագեոզ-Կրմզլի-Նալբանդ-Վորոնցովկա գիծը, իսկ հայ զորքերը՝ Սուրմալու-Արաքս կայարան-Կըզըլ Զիարեթ-Արագած-Տանագիրմազ-Բոզիքենդ Շերմատ-Յալվանդուզ գյուղը: Միջին տարածությունը պիտի մնա չեզոք՝ հայկական ադմինիստրացիայով: Իբրև զինադադարի պայման, թուրքերին տրվում է որոշ քանակությամբ զենք, ռազմամթերք և երկաթուղային ստացվածք: Զինադադարի վերջին օրն է նոյեմբերի 25-ի երեկոյան ժամը 6 և 45 րոպեն:

Նոյեմբերի 24-ի երեկոյան պիտի սկսվեն հաշտության բանակցությունները: Թուրքական պատգամավորությունը արդեն Ալեքսանդրապոլում է, իսկ հայկական պատվիրակությունը պատրաստ է մեկնելու:

Համաձայնվելով կնքել զինադադար՝ կառավարությունը միևնույն ժամանակ ձեռք է առնում ամեն միջոց ապահովելու Հայաստանի գերագույն իրավունքները:

Սակայն կառավարության քայլերը կլինեն հաջող այն ժամանակ միայն, երբ ժողովուրդն ու բանակը զգաստ աչքով նայեն ստեղծված իրադրությանը: Երբեք գուցե պետք չի եղել այնպես խիստ լարել մեր ուժերը, որքան այսօր:

Պետք է լավ գիտենալ, որ բանակցություններ սկսելը դեռևս հաշտություն չէ:

Հաշտություն ունենալու համար անհրաժեշտ է լինել ուժեղ և պատրաստ ամեն անակնկալի:

Հայաստանի Հանրապետության կառավարություն

1920թ. նոյեմբեր 20, Երևան

Յառաջ, ՀՅԴ պաշտոնաթերթ, Երևան, երեքշաբթի, 23 նոյեմբեր, թիվ 257

The post Թուրքիայի հետ հաշտության համար պետք է լինել ուժեղ. Համո Օհանջանյանի կառավարություն (20 նոյեմբերի, 1920թ) appeared first on Aniarc.

#news #featured

Թուրքիայի հետ հաշտության համար պետք է լինել ուժեղ. Համո Օհանջանյանի կառավարություն (20 նոյեմբերի, 1920թ) - Aniarc

Կառավարական հաղորդագրություն Նոյեմբերի 18-ին մեր և թուրքերի միջև կնքված է զինադադար, և այդ օրից զինվորական գործողությունները կանգ են առել: Ըստ այդ զինադադարի պայմանների՝ թշնամու զորքերը բռնում են Ալագեոզ-Կրմզլի-Նալբանդ-Վորոնցովկա գիծը, իսկ հայ զորքերը՝ Սուրմալու-Արաքս կայարան-Կըզըլ Զիարեթ-Արագած-Տանագիրմազ-Բոզիքենդ Շերմատ-Յալվանդուզ գյուղը: Միջին տարածությունը պիտի մնա չեզոք՝ հայկական ադմինիստրացիայով: Իբրև զինադադարի պայման, թուրքերին տրվում է որոշ քանակությամբ զենք, ռազմամթերք և […]

Aniarc

Արա Սանճեան. Ռուսական կայսերական ծաւալապաշտութիւնն ու Քրեմլինի տարուբերող գնահատական-հրահանգները

Ֆէյսպուքեան գրառումներէ դատելով վերջին 2-3 օրերուն կը քննարկուի թէ 19-րդ դարու առաջին երեսնամեակին ռուսական բանակներու պատերազմներն ու նուաճումները Կովկասեան լեռնաշղթայէն հարաւ կարելի՞ է «Արեւելեան Հայաստանի բռնակցում» կոչել, թէ՞ պէտք է գտնել ուրիշ, երեւի՝ Քրեմլինի այսօրուան ղեկավարութեան համար աւելի հաճելի ձեւակերպում։

Հարցին հրապարակայնացման տուն տուող բոլոր մանրամասներուն առայժմ անծանօթ ըլլալով, այստեղ քննարկման աւելցնեմ պատմական կտրուածքն ալ, որ հաւանաբար մասնագէտները գիտեն, բայց սիրողական ընթերցողները գուցէ չիմանան։

Համայնավար իշխանութեան եօթը տասնամեակներուն ընթացքին, Քրեմլին նստած ղեկավարները առնուազն երեք անգամ փոխած են պաշտօնական գնահատականը Ռուսիոյ կողմէ նոր գաղութներ ձեռք բերելու գործընթացին վերաբերեալ, եւ ամէն փոփոխութենէ ետք նոր տեսակէտը բռնի պարտադրած են Ռուսաստանի Դաշնութեան «ինքնավար» միաւորումներուն ու խորհրդային միութենական միւս հանրապետութիւններուն կուսակցական ղեկավարներուն, մտաւորական վերնախաւերուն ու յատկապէս՝ պատմաբաններուն։

1917-էն մինչեւ առնուազն 1937 թուականը բոլշեւիկները խիստ բացասական դիրքորոշում ունէին ցարական համակարգին նկատմամբ եւ ցարերու ծաւալապաշտութիւնը՝ բոլոր ուղղութիւններով, անառարկելիօրէն կը նկարագրէին որպէս «նուաճում» ու «գաղութացում»։ Օրինակ, Հայաստանի մէջ 1938, 1939 եւ 1940 թուականներուն լոյս տեսած հայոց պատմութեան ուսուցման ծրագիրներուն մէջ կը հանդիպինք «Անդրկովկասի նուաճումը ցարական Ռուսաստանի կողմից», «Հայ ժողովուրդը ցարիզմի եւ սուլթանիզմի լծի տակ», «Հայաստանը [կամ՝ Արեւելեան Հայաստանը] ցարական Ռուսաստանի գաղութը», «Ցարիզմի գաղութային քաղաքականութիւնն Անդրկովկասում եւ մասնաւորապէս Հայաստանում» ձեւակերպումներուն՝ մերօրեայ խօսոյթով իբրեւ այդ ժամանակաշրջանի «կրթական չափորոշիչ»։ 1936-ին Ս. Մարկոսեանը հրատարակած է «Ռուս-ֆրանսիական և ռուս-անգլիական հակամարտութիւնը Պարսկաստանում Անդրկովկասի նուաճման կապակցութեամբ» խորագրուած աշխատութիւն, որուն պիտի անդրադառնանք նաեւ ստորեւ։

Միայն 1937 թուականի Օգոստոս 22-ի կառավարական որոշման մէջ մասնակի ետդարձ կատարուեցաւ այս դիրքորոշումէն՝ երբ գրուեցաւ թէ «Վրաստանի, օրինակ, XVIII դարի վերջին Ռուսաստանի հովանաւորութեան տակ անցնելու փաստը, այնպէս, ինչպէս Ուկրաինայի` Ռուսաստանի իշխանութեան տակ անցնելու փաստը, [ԽՍՀՄ պատմութեան դասագիրքի – Ա.Ս.] հեղինակների կողմից դիտւում է որպէս բացարձակ չարիք, այն ժամանակուայ պատմական կոնկրետ պայմանների հետ ունեցած կապից դուրս։ Հեղինակները չեն տեսնում, որ Վրաստանի առջեւ այն ժամանակ կանգած էր երկընտրանք – կամ կլանուած լինել շահական Պարսկաստանի եւ սուլթանական Թուրքիայի կողմից, կամ թէ անցնել Ռուսաստանի հովանաւորութեան տակ, այնպէս, ինչպէս Ուկրաինայի առջեւ այն ժամանակ կանգնած էր երկընտրանք – կամ կլանուած լինել պանական Լեհաստանի ու սուլթանական Թուրքիայի կողմից, կամ էլ անցնել Ռուսաստանի իշխանութեան տակ։ Նրանք չեն տեսնում, որ երկրորդ հեռանկարը այնուամենայնիւ, փոքրագոյն չարիքն էր։»

Ի դէպ, Ռուսիոյ իշխանութեան տակ անցնիլը իբրեւ «փոքրագոյն չարիք» սկզբնական շրջանին ընդունուած էր միա՛յն այս որոշման մէջ յիշուած երկու պարագաներուն՝ Վրաստանի եւ Ուքրաինայի համար։ Միւս հանրապետութիւններուն, ներառեալ՝ ինչպէս վերը ցոյց տուինք, Հայաստանի, պատմութիւնները շարունակուեցան որոշ ժամանակ եւս ներկայացուիլ նախկին, հաստատուած ոգիով՝ իբրեւ «նուաճում» ու «գաղութացում»։

«Չարիքներէն փոքրագոյնը»ի մեկնաբանութիւնը ինքնին աստիճանաբար սկսաւ քննադատուիլ Երկրորդ Համաշխարհային պատերազմէն ետք եւ ռուսական ծաւալապաշտութիւնը իբրեւ խորհրդային միւս ժողովուրդներուն գլխաւորապէս բարիք բերող ձեւակերպումով վճռականօրէն փոխարինուեցաւ միա՛յն 1951 թուականէն սկսեալ։ Ատոր համար ալ, Խորհրդային Հայաստանի վերջին 3-4 տասնամեակներուն հրատարակուած Արեւելեան Հայաստանի Ռուսիոյ «միանալուն» նուիրուած աշխատութիւններուն ծանօթագրութիւններուն ու գրականութեան ցանկերուն մէջ գրեթէ անհնարին է հանդիպիլ նախորդ ուսումնասիրութիւններու, որոնք հրատարակուած ըլլան 1950-ականներէն առաջ։ Այդ գործերն այլեւս հերետիկոսական կը համարուէին ու նետուած յիշողութեան «սեւ խոռոչը»։

Նոր ցուցումներուն ներքոյ, 1967-ին հրատարակուած իր «Պատմագիտութեան զարգացումը Սովետական Հայաստանում 1920-1963» ուսումնասիրութեան մէջ, Շմաւոն Յարութիւնեանը կամայ թէ ակամայ հետեւեալ ծանր քննադատական տողերը կը յատկացնէր Մարկոսեանի 1936-ին լոյս տեսած վերոյիշեալ գործին.

«Ս. Մարկոսյանը 1936 թ. հրատարակված «Ռուս-ֆրանսիական և ռուս-անգլիական հակամարտությունը Պարսկաստանում Անդրկովկասի նվաճման կապակցությամբ» աշխատության մեջ «ոչ մի խոսք չի ասվում պարսկական դեսպոտիզմի ծանր լծի մասին։ Դրան հակառակ, նա ծանր է համարում միայն ցարիզմի լուծը։ «Չնայած XIX դ. առաջին տասնամյակում Անդրկովկասի մեծագույն մասում ռուսական սվիններն էին իշխում,–գրում է նա,– այնուամենայնիվ, բնակչության մեծագույն մասը իր կապերը չէր խզել Պարսկաստանի հետ։ Այս հետևանք էր ամենից առաջ այն բարբարոս քաղաքականության, որ կիրառում էր ցարական Ռուսաստանը նոր նվաճված երկրում։ Այստեղ խոսքը վերաբերում է մասսային, որի վիճակը ռուսների տիրապետության հենց առաջին օրից, շնորհիվ արտատնտեսական (vneekonomicheskii) շահագործման, անասելի չափով վատթարացել էր» (էջ 37)։ Այնուհետև նա գրում է. «Ցարիզմի նվաճողական քաղաքականությունը այդ ժամանակաշրջանում մասսաների վիճակը անտանելի էր դարձրել» (նույն տեղը)։ Մի այլ տեղ նա գրում է. «Անդրկովկասի շահագործվող տարրերի վիճակը ավելի էր վատթարացնել ռուսների տիրապետության օրով» (էջ 38)։

«…Ս. Մարկոսյանը ժխտում է այն, որ Անդրկովկասի ժողովուրդներն ունեցել են ռուսական օրիենտացիա։ Նա գտնում էր, որ շահագործող հասարակական շերտերի միայն մի մասը «այս կամ այն կերպ ռուսական օրիենտացիա էր պաշտպանում» (նույն տեղը)։ Մարկոսյանը ոչ մի խւսք չի ասում այն մասին, որ տեղական բնակչությունը մասսայականորեն ձգտում էր ազատագրվել պարսկական տիրապետությունից, իսկ հաճախ էլ արտահայատում է այն միտքը, թե այդ բնակչությունն ամեն կերպ ձգտում էր ազատվել Ռուսաստանի տիրապետությունից։ «Իսկ Անդրկովկասից Պարսկաստան փախչելը,–գրում է Ս. Մարկոս//յանը,–ուղղակի մի տարերային երևույթ էր դարձել» (էջ 36)։ Տեղական բնակչությունը, գրում է նա, ապստամբություններ էր բարձրացնում ռուսական տիրապետության դեմ, չտեսնված բոյկոտի քաղաքականություն էր վարում (էջ 134)։ Այստեղ հեղինակը ի զուր է համերաշխվում Մ. Պոկրովսկու հետ այն հարցում, թե իբր 1804 թվականին, երբ ռուսները գրավեցին Գանձակը, այն «վերածվեց հեղափոխության իսկական թատերաբեմի» (նույն տեղը)։

«Ս. Մարկոսյանի աշխատության մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, թե հայերը, ինչպես և Անդրկովկասի մյուս ժողովուրդները լայն աջակցություն էին ցույց տալիս ռուսական բանակներին, դիտում էին նրանց որպես պարսկական գերությունից իրենց ազատարարների, թե տեղական բնակչության մասնակցությունը Կովկասում մղված պատերազմներին համաժողովրդական բնույթ ուներ։

«Չի կարելի համաձայնվել հեղինակի այն դրույթի հետ, թե իբր, եվրոպական ռազմաբեմերում Ռուսաստանի ռազմական անհաջողությունները, օրինակ, 1807 թվականին Վարշավայի նվաճումը Նապոլեոնի կողմից, անդրկովկասցիների մեջ ոգևորություն էր առաջացնում (էջ 38) և որ Ֆրանսիայի դեմ ռուսների մղած պատերազմներին ցույց տրվող օժանդակությունը «չէր բխում անդրկովկասցիների հեռանկարներից» (էջ 39)։» (էջ 239-240)

Երեւի այսօր ալ, շատ իշխանաւորներ այն համոզումն ունին թէ պատմաբանները իրենց ընկալած քաղաքական նպատակայարմարութեան, այսինքն՝ քմահաճոյքին անխօս ստրուկները պէտք է մնան եւ թէ կան պատմական գնահատականներ, որոնք, Ստալինի նախընտրած ձեւակերպմամբ, «աքսիոմա» պէտք է մնան պատմաբանին, ուսուցիչին, աշակերտին եւ առհասարակ քաղաքացիին համար։

Աղբիւրը՝ https://www.facebook.com/ara.sanjian

**Դոկտոր Արա Սանճեան Միչիգանի Համալսարանի Դիրբոռնի մասնաճիւղին մէջ հայոց ու մերձաւոր-արեւելեան պատմութեան դասախօս է, ինչպէս նաեւ տեղւոյնՀայագիտական Հետազօտութեանց Կեդրոնի վարիչը։ **

The post Արա Սանճեան. Ռուսական կայսերական ծաւալապաշտութիւնն ու Քրեմլինի տարուբերող գնահատական-հրահանգները appeared first on Aniarc.

#news #featured

Արա Սանճեան. Ռուսական կայսերական ծաւալապաշտութիւնն ու Քրեմլինի տարուբերող գնահատական-հրահանգները - Aniarc

Ֆէյսպուքեան գրառումներէ դատելով վերջին 2-3 օրերուն կը քննարկուի թէ 19-րդ դարու առաջին երեսնամեակին ռուսական բանակներու պատերազմներն ու նուաճումները Կովկասեան լեռնաշղթայէն հարաւ կարելի՞ է «Արեւելեան Հայաստանի բռնակցում» կոչել, թէ՞ պէտք է գտնել ուրիշ, երեւի՝ Քրեմլինի այսօրուան ղեկավարութեան համար աւելի հաճելի ձեւակերպում։ Հարցին հրապարակայնացման տուն տուող բոլոր մանրամասներուն առայժմ անծանօթ ըլլալով, այստեղ քննարկման աւելցնեմ պատմական կտրուածքն ալ, […]

Aniarc

Հայաստանի առաջին՝ Հովհաննես Քաջազնունու կառավարության ժամանումը Թիֆլիսից Երևան. 19 հուլիս, 1918թ

1918 թվականի մայիսը, թվում էր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի գոյության վերջին օրերն էին: Արարատի ստվերի տակ հավաքված արևելահայերն ու ցեղասպանությունից փրկված արևմտահայերի մի հատված միայնակ էին մնացել օսմանյան մի քանի զորամասերի առաջ, որոնք անցնելով Ախուրյանն ու Արաքսը, հարձակվում էին Ղարաքիլիսայի (այժմ Վանաձոր), Բաշ-Ապարանի (այժմ Ապարան) և Սարդարապատի ուղղությամբ: Ոտքի էին ելել նաև Երևանի նահանգի մահմեդականները` թուրքերը, թաթարները, քրդերը, և 1918 թ. մայիսի կեսերից հետո Արարատյան բարեբեր դաշտը բոլոր կողմերից շրջապատվել էր թշնամիներով:

Կարսի ու Ալեքսանդրապոլի անկումը, թուրքերի հարձակումը դեպի Արարատյան դաշտավայր Երևանում առաջ էր բերել անասելի իրարանցում ու սարսափ: Դիմադրությունը շատերին թվում էր անհնար ու անիմաստ: Բայց ո՞ւր փախչել: Ճանապարհները դեպի Թիֆլիս ու Բաքու փակ էին, Պարսկաստան տանող երկաթուղին չէր գործում, Շարուր-Նախիջևանը մահմեդականների ձեռքում էր: Բաց էին միայն արևմուտքից ու հյուսիսից եկող ճանապարհները, որտեղով սակայն գալիս էին թուրքական զորքերը` գրավելով հայկական բնակավայրերն ու կոտորելով բնակիչներին: Միակ ելքը դիմադրությունն էր ու պատվով մեռնելը:

ՙՄենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսում կարգ հաստատելու համար՚,- ասում էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան):

1918 թ. վաղ գարնանը Երևանի ազգաբնակչությունն ու զինվորականությունը Արամին հայտարարեցին դիկտատոր և ամբողջ իշխանությունը կենտրոնացրին նրա ձեռքում: Իր նրբանկատության շնորհիվ Արամը կարողացավ շաղկապել շրջանի բոլոր գործուն տարրերը, աշխատանքի լծել ամենքին: Դրոյի (Դրաստամատ Կանայան), զորավարներ Մովսես Սիլիկյանի ու Դանիել բեկ Փիրումյանի, նահանգական կոմիսար Սահակ Թորոսյանի, քաղաքական կուսակցությունների և կառավարական ու հասարակական մարմինների հետ գործակցելով` նա երևան բերեց արտակարգ եռանդ և, ամենատագնապալի վայրկյանին, ձեռնհասությամբ վարեց Արարատյան դաշտի հայ ժողովրդի ճակատագիրը:

Ալեքսանդրապոլի անկումից հետո հայկական զորքերի մի մասը կռիվներով նահանջել էր Երևանի ուղղությամբ և մայիսի 19-ին հասել Սարդարապատ:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը դիմում է հայ ժողովրդին. ՙԹուրքը մեր արնախում ոսոխը, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի մեր կենսագրության, գալիս է Էջմիածնի վրա: Մեր զորապետերը Ամենայն Հայոց կաթողիկոսին առաջարկում են ոսոխի բերնին թողնել Մայր Աթոռ Էջմիածինը, մեր սրբարանները, հայ ժողովուրդը և ապաստանել Բյուրականում: Ո'չ և ո'չ, հազար անգամ ո'չ, ես չե'մ լքի մեր սուրբ նախնիների ավանդած Մայր Աթոռը, ես չեմ հեռանա Հայոց առաքելական օջախից, եթե հայոց զինվորությունն ինքը, հայ ժողովուրդը չեն կարողանա թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չեն փրկելու մեր սրբությունները, ապա թող ես նահատակվեմ հենց այստեղ, շեմի վրա Մայր Աթոռի, որ գահակալի պատիվը ունեմ մեր սուրբ նախնիների արդար բարեխոսությամբ և Աստծո ողորմածությամբ՚:

Երևանյան զորամասի հրամանատար, գեներալ Սիլիկյանը հատուկ կոչով հորդորում է ամեն մի հայ տղամարդու հանուն հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, գործ դնել իր վերջին ճիգը` հարվածելու թշնամուն, որն ՙուզում է ստրկացնել, ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը՚:

ՙՀայե'ր, ժամանակ չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան հասակ ունեցող բոլոր տղամարդիկ պարտավոր են զենքի տակ գալու և ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով: Հայուհինե'ր, հիշեցեք 5-րդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին դեպի Մեծ Գործը անմահ Վարդանի կռիվների ժամանակ, հետևեցեք նրանց օրինակներին: Հանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության, հանուն ոտնակոխ եղած ճշմարտության ոտքի կանգնեցեք: Դեպի' գործ, դեպի' սրբազան պատերազմ՚:

Մայիսի կեսերին Ալեքսանդրապոլը, ապա մայիսի 24-28-ի երկուստեք կորուստներով ծանր կռիվներում Ղարաքիլիսան գրավելուց հետո թուրքերը շարժվեցին Թիֆլիսի ուղղությամբ: Հատկապես արևմտահայերը, որոնք ապաստանել էին քաղաքում, սարսափում էին թուրքական արշավից: Հազարավոր մարդիկ ծեր ու երեխա, գյուղացի ու քաղաքացի, աշխատավոր ու մտավորական, ով ինչով կարող էր, խուժեցին դեպի Ռազմավիրական ճանապարհը: Հոսանքի մի ծայրը հասել էր Վլադիկավկազ ու Արմավիր, մինչ մյուսը դեռ նոր էր դուրս գալիս Թիֆլիսից: Գաղթն անկազմակերպ էր, տարերային, իսկ հարձակումները գաղթականների վրա սովորական:

Ղարաքիլիսայում հայերի պարտությունը, սակայն, չվճռեց պատերազմի ելքը: Հայկական կորպուսը մի վերջին ճիգով կարողացավ թուրքերին կանգնեցնել, ապա նրանց ծանր մարդկային կորուստներ հասցնելով մինչև մայիսի 29-ը հետ քշել Բաշ-Ապարանում ու Սարդարապատում: Հաղթանակով ոգևորված հայերն առաջ էին շարժվում դեպի Ալեքսանդրապոլ: Գեներալ Սիլիկյանը մտադիր էր թուրքական զորքերին հետապնդել մինչև Ալեքսանդրապոլ և հավատում էր, որ հայկական ուժերը կկարողանան երկու օրում հետ վերցնել քաղաքը:

Մայիսի 29-ին Սիլիկյանը երկորդ կոչն է ուղղում հայերին. ՙՄենք պետք է թուրքերից հետ վերցնենք Ալեքսանդրապոլը: Նրանք պահանջում են Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի (Մայր տաճարի հետ) գավառները, Երևանի նահանգի մեծ մասն ու Նախիջևանը: Կարո՞ղ ենք թույլ տալ նման վիրավորանք: Երբե'ք, հա'յ ժողովուրդ, դու չպիտի թույլ տաս այդպիսի անարգանք: Եվ այդ անարգանքը տեղի չի ունենա, եթե մենք հասնենք մինչև Ալեքսանդրապոլ: Դեպի' զենք բոլորդ, դեպի' Ալեքսանդրապոլ՚:

Սակայն երբ հայկական զորքերը մոտենում էին Ալեքսանդրապոլին, զորավար Թովմաս Նազարբեկյանը Հայկական կորպուսին կանգ առնելու հրաման տվեց: Ազգային խորհուրդը տեղեկացրել էր, որ Բաթումում զինադադարի համաձայնություն է կայացվել, իսկ հաշտության բանակցությունները շարունակվում են: Եթե նման լուր ստացվեր մի քանի օր առաջ, ապա կընդունվեր արտակարգ թեթևությամբ, սակայն այժմ այն տեղիք տվեց և' զինվորների, և' գյուղացիների հասկանալի զայրույթին: Զինվորական և քաղաքական ղեկավարների որոշումը թելադրված էր այն գիտակցությամբ, որ զինապահեստները համարյա դատարկ են, թուրքական թարմ համալրումները` մոտ: Եթե ճակատամարտի ընթացքը մեկ անգամ ևս շրջվեր հօգուտ թուրքերի, հայկական աղետը կլիներ կատարյալ:

Երևանի Ազգային խորհրդի անդամների մի մասը առաջարկվում էր հաշտվել կացության հետ և ընդունել Բաթումի դաշնագրի պայմանները, ուրիշները պահանջում էին չեղյալ համարել Նազարբեկյանի հեռագիրը, զորքերի ընդհանուր հրամանատար նշանակել Սիլիկյանին և շարունակել պատերազմը: Ազգային խորհուրդը չկարողացավ միակամություն դրսևորել, և Սիլիկյանին մնում էր ենթարկվել Նազարբեկյանի հրամանին:

Այսպես, 1918թ. կեսին հայ ժողովրդի բեկորներին թողնվել էր բզկտված հողի մի փոքր պատառ, որն անվանվեց հանրապետություն: Բայց որքան էլ Հայաստանի Հանրապետությունը 1918-ի մայիսին խղճալի պետություն էր, նրա գոյության փաստն ինքնին զարմանահրաշ նվաճում էր: Դա ոչ թե հանրապետություն էր, այլ անբարեբեր ու մեկուսացված, ժայռերով ու լեռներով, որբերով ու փախստականներով, տառապանքներով ու թշվառությամբ լեցուն հողակտոր:

Երկիրն անօրինակ ծանր վիճակ էր ապրում: Փոքրիկ Հայաստանը լեփ լեցուն էր գաղթական բազմություններով, իսկ եղած միջոցները բավական չէին բավարարելու տեղացիների կենսական պահանջները: Առանց չափազազանցության կարելի է ասել, որ համատարած սովն էր իշխում նորաստեղծ պետության մեջ: (Երևանի) փողոցներում, շուկայում, այգիներում մարդիկ գալարվում էին քաղցից, օրն ի բուն լսվում էին հառաչանքներ, տնքոց-նվոցներ: Աղբանոցներում կմախքացած երեխաներ ուտելու բան էին փնտրում թաթիկներով կեղտերը փորելով: Համաձայն ականատեսի վկայության ՙանցնում էիր փողոցով գործի գնալու ժամանակ և տեսնում էիր, որ մայթի վրա` պատի տակ կուչ եկած, ցնցոտիներով ծածկված կին ու երեխա ցրտից սրթսրթում էին ու նվում. ձեռք չէին պարզում, ոչինչ չէին ուզում, աչքերիդ առաջ մաս-մաս մեռնում էին սովից՚:

Հանրապետության անշուք ծննդին նախորդել էին համաշխարհային քառամյա ավերիչ պատերազմը, 1915-1917 թթ. արևմտահայության ոչնչացումը, 1917թ. ռուսական փետրվարյան հեղափոխության ներշնչած պատրանքային հույսերը, Ժողովրդական կոմիսարների խորհրդի (Ժողկոմխորհ) աղետաբեր քաղաքականությունը 1918թ. Բրեստ-Լիտովսկում Գերմանիայի, Օսմանյան Թուրքիայի և նրանց դաշնակիցների հետ վարված խաղաղության բանակցություններում, թուրքական համաժամանակյա անողոք ներխուժումը, Անդրկովկասի մասնատումը և, վերջապես, հայ ղեկավարների խելահեղ ճիգերը` փրկելու ազգը հավանական ոչնչացումից:

Անդրկովկասյան Սեյմը Թիֆլիսում մայիսի 26-ին գումարեց իր վերջին նիստը, որի ընթացքում ընդունվեց Անդրկովկասյան Ժողովրդական Դաշնակցային Հանրապետությունը լուծարելու վրացի մենշևիկների առաջարկությունը: Նույն օրը երեկոյան վրաց Ազգային խորհուրդը հռչակեց Վրաստանի անկախությունը: Մայիսի 27-ին Թիֆլիսում Մահմեդական ազգային խորհուրդը որոշեց հռչակել Ադրբեջանի անկախությունը, մի հանրապետություն, որը պետք է ներառեր ՙՀարավային և Արևելյան Անդրկովկասը՚: Ակտը պաշտոնապես հռչակվեց հաջորդ օրը, և անդրկովկասյան թաթարների կառավարող մարմինը Գյանջան ընտրեց ժամանակավոր մայրաքաղաք, քանի որ Բաքուն դեռևս մնում էր հայկական և բոլշևիկյան ուժերի համատեղ տիրապետության տակ:

Հայոց Ազգային խորհրդի նիստում վիճաբանություն էր գնում, դաշնակցական անդամները բաժանված էին երկու խմբի. մի մասը դեմ էր Հայաստանի անկախության հռչակմանը: ՙԿողմ էին Սիմոն Վրացյանը, դեմ Ավետիս Ահարոնյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Արտաշես Բաբալյանը: Վերջիններին միացան սոցիալիստ հեղափոխականները, չեզոքները Ստեփան Մամիկոնյանը, Տիգրան Բեկզադյանը: Թի‎ֆ‎լիսի դաշնակցական ղեկավար ընկերները Խաչատուր Կարճիկյանի գլխավորությամբ, կողմ էին անկախության: Բյուրոն բաժանված էր երկու մասի՚:

Անկախության հռչակմանը դեմ սոցիալիստ հեղափոխականները, չեզոքները մտահոգված էին, որ Հայաստանի մեծ մասը թուրքերը գրավել են, և Ռուսաստանից անջատվելը լուրջ մտահոգություններ էր պատճառում: Բացի այդ, անկախություն հռչակելու և Ռուսաստանից անջատվելու պահանջը հենց թուրքերն էին դնում:

Երկար վեճերից հետո Հայաստանը հռչակվեց անկախ, մայիսի 30-ին արվեց պաշտոնական հայտարարություն, որի մեջ բացակայում էին ՙանկախություն՚ և ՙհանրապետություն՚ բառերը. ՙՀայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը: Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար՚:

Ականատես և մասնակից Սիմոն Վրացյանի վկայությամբ` Հայոց Ազգային խորհուրդը Թիֆլիսում հարկադրված եղավ Հայաստանը հայտարարել անկախ, ՙորովհետև այն պահին անկախությունը բոլորի կողմից համարվում էր ահավոր մի հեռանկար, հայ ժողովուրդը թուրքերի լծի տակ գցելու վտանգ՚: ՙ1918թ. մայիսին թուրքերն ի վիճակի էին գրավելու և Երևանը, և ամբողջ Հայաստանը, բայց չգրավեցին: Հակառակը, հունիսի 4-ին Բաթումում, Հայաստանի նորակազմ կառավարության ներկայացուցիչների հետ նրանք ստորագրեցին հաշտության դաշնագիր և դրանով փաստորեն ճանաչեցին Հայաստանի անկախությունը: Այսպիսով, պատմության դառը հեգնանքով, Հայաստանի անկախության միջազգային առաջին ճանաչումը կատարեցին թուրքերը՚:

1918թ. օգոստոսի 1-ին Հայաստանի Խորհրդի (խորհրդարան)16 պաշտոնական բացման օրը նրա նախագահ Ավետիք Սահակյանը հիշեցրեց, որ ՙԱնդրկովկասի փլուզումից հետո մեր երկիրը թողնված էր բախտին, ուստի Հայոց ազգային խորհուրդը շտապեց իր վրա վերցնել կառավարության բոլոր գործառույթները՚: ՙՀենց այդ ժամանակ էր (մայիսի վերջ-հունիսի սկիզբ), որ ստացվեց Օսմանյան կայսրության բոլորին հայտնի վերջնագիրը (որը) պահանջում էր պատասխան 48 ժամվա ընթացքում: Պատվիրակություն ուղարկվեց Բաթում հանձինս (Հովհաննես) Քաջազնունու, (Միքայել) Պապաջանյանի և (Ալեքսանդր) Խատիսյանի: Մեր պատվիրակությունը ստիպված էր ընդունել վերջնագիրը և խաղաղության դաշինք կնքել Վեհիբ փաշայի և Խալիլ բեյի հետ: Հայոց ազգային խորհուրդը սեղմեց իր սիրտը և անողոք գիտակցությամբ որոշեց ընդունել վերջնագիրը և ճանաչել Հայաստանի անկախությունը իրեն հանձնելով պատմության անաչառ դատաստանին: Այո', մեր հանրապետությունը փոքր է և նեղ իր սահմաններով: Մեր երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ միշտ. ես հավատում եմ, որ մեր երկրի սահմանները կընդարձակվեն կյանքի երկաթե ուժով, մեր նոր բարեկամական դաշինքով Տաճկաստանի (Թուրքիայի) և նրա դաշնակից պետությունների հետ, որոնց ներկայացուցիչները ներկա են այստեղ՚:

ՀՅԴ առաջնորդներից Ռուբեն Տեր-Մինասյանի խոսքերով` ՙթեև 1918թ. Երևանյան Հանրապետությունը անկախ էր, թեև 1919-ից Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարն էր առաջադրված, բայց փաստորեն ռուսահայ ժողովրդի մի խոշոր մասի համար դրանք անհասկանալի և անբովանդակ խոսքեր էին միայն, անգամ պետական հիմնարկությունների ու շատ պատասխանատու անձանց համար ձեռք բերված անկախությունը համարվում էր ժամանակավոր մի երևույթ, Հայաստան երկիրը համարվում էր ռուսական մի հողամաս, հայ զորքը նույնիսկ ռուսական զորքի մի մասը՚:

Թիֆլիսում ձևավորված Հայաստանի առաջին կառավարությունը և Հայոց ազգային խորհուրդը դժկամությամբ տեղափոխվեցին Երևան: Խորհրդի անդամները, Վրացյանի խոսքերով, ՙչէին ուզում բաժանվել Թիֆլիսից՚, իրար հաջորդող նիստերում տեղի էին ունենում բուռն վիճաբանություններ, ՙշատերի համար Երևան գնալը անհանդուրժելի էր՚: Երևան տեղափոխվելու հարցը կտրուկ կերպով դրվեց Ազգային խորհրդի ու կառավարության միացյալ նիստում: ՀՅԴ-ն պահանջում էր, որ Ազգային խորհուրդն ու կառավարությունը ամբողջ կազմով անմիջապես մեկնեն Երևան: Հայ ժողովրդական կուսակցությունը առաջարկում էր Երևան ուղարկել պատվիրակություն և կազմել տեղական կառավարություն, իսկ Հայոց ազգային խորհուրդը, որպես համազգային մարմին, պահել Թիֆլիսում: Սոցիալիստ հեղափոխականները առաջարկում էին, որ Ազգային խորհուրդն ու կառավարությունը մեկնեն Երևան, այնտեղ կազմեն Հայաստանի տեղական իշխանություն, որից հետո Ազգային խորհուրդը կրկին վերադառնա Թիֆլիս ու Կովկասի այս հարուստ քաղաքում մնա իբրև ՙընդհանուր ազգային իշխանություն՚: Սոցիալ դեմոկրատները սկզբում կողմնակից էին Երևան տեղափոխվելուն, սակայն կարճ ժամանակ անց սկսեցին ՙտատանվել՚: Քաջազնունին հայտարարեց, որ եթե Ազգային խորհուրդը մնա Թիֆլիսում կամ կազմվեն երկու Ազգային խորհուրդներ, ապա ինքը կհրաժարվի վարչապետությունից: Յոթ կողմ և հինգ դեմ քվեով որոշվեց Ազգային խորհուրդն ու կառավարությունը փոխադրել Երևան:

Հուլիսի 17-ին Ազգային խորհուրդն ու կառավարությունը Թիֆլիսից մեկնեցին Երևան: Սանահին կայարանից սկսած երկաթուղին թուրքերի ձեռքում էր, Ալեքսանդրապոլով անցնելը` վտանգավոր: Որոշվեց Թիֆլիսից անցնել Աղստաֆա, ապա Դիլիջանով հասնել նորաստեղծ հանրապետության փոշոտ ու աղքատ մայրաքաղաք Երևան: Մեկնողների մեջ էին Քաջազնունին, Խաչատուր Կարճիկյանը (ֆինանսների նախարար), զորավար Հովհաննես Հախվերդյանը (զինվորական նախարար), Ազգային խորհրդի անդամներ: Նրանց հետ Երևան էին մեկնում նաև երկու գերմանացի ու մի թուրք սպա:

Բաբալյանը գրում է. ՙՎրաց կառավարությունը ցույց տվեց կոպիտ և անքաղաքավարի վերաբերմունք: Ժամանակին վագոններ չտրվեցին, արգելեցին Ազգային խորհրդի մի քանի հին ու խարխլված ավտոմոբիլները վերցնել մեզ հետ: Երկար բանակցություններից հետո միայն թույլատրեցին մի քանի անհրաժեշտ իրեր և ինքնաշարժեր գնացքի մեջ բարձրացնել: Վրաց իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք հրաժեշտի չէր եկել: Հայ հասարակությունը միանգամայն անտարբեր էր: Ջերմ ընդունելության հանդիպեցինք Ղազախում` Ադրբեջանի իշխանության կողմից՚:

Ղազախից պատվիրակությունը հասնում է Քարվանսարա (Իջևան), երեկոյան Դիլիջան: Դեռ Թի‎ֆ‎լիսում վարչապետի թեկնածուներ էին առաջադրվել Քաջազնունին ու Խատիսյանը, իսկ կառավարությունը պետք է լիներ ոչ միակուսակցական: Սակայն Ժողովրդականները պահանջեցին վարչապետի պաշտոնը առաջարկելով Պապաջանյանի թեկնածությունը: Նրանք ասում էին, որ թուրքերը ՀՅԴ-ի նկատմամբ վստահություն չունեն և դժվարություններ կստեղծեն: Քաջազնունին արտգործնախարարի պաշտոնը առաջարկեց ժողովրդականներ Պապաջանյանին և Սամսոն Հարությունյանին, սակայն հաջորդաբար երկուսն էլ հրաժարվեցին: Քաջազնունուն այլ բան չէր մնում, քան կազմել միակուսակցական կառավարություն: Հուլիսի 19-ին պատվիրակությունը հասավ Երևան:

Երևանի պարետ Արշավիր Շահխաթունին գրում է. ՙԺամը երեքին Աբովյան պողոտայի սկզբից մինչև Սուրբ Սարգիս կանգնած էին վաշտեր: Արամը հասավ ինքնաշարժով և հաղորդեց, թե կառավարությունը գալիս է: Մի քանի րոպեից գլխավոր պողոտայի անկյունից երևաց կառավարական խումբը ինքնաշարժերով: Ես հրամայեցի. ՙՀանդիսավոր տողանցք. պատրա'ստ. հանդա'րտ. պատվի ա'ռ՚: Եվ մերկացնելով իմ սուրն ու ինձ հետ ունենալով հեզելազորից հիսուն հոգի` մոտեցա կառավարության կազմին: Ես խոնարհեցի իմ սուրը Հայաստանի նախարարապետի առջև, մինչդեռ իմ ձին բարձրացած էր երկու ոտքի վրա: Ես ասացի. ՙՁերդ գերազանցություն, որպես Հայաստանի մայրաքաղաքի զինվորական հրամանատար, ողջունում եմ Ձեր գալուստը: Ես անսահման երջանիկ եմ, որ դարերից հետո առաջին սպան եմ, որ խոնարհեցնում է իր սուրը իր կառավարության առջև: Այս վայրկյանիս ես հպարտությամբ դնում եմ սուրս իր պատյանի մեջ և դուրս կհանեմ այն ժամանակ, երբ Դուք հրամայեք պաշտպանել մեր աննման հայրենիքը՚: Քաջազնունին շատ հուզված պատասխանեց և համարյա զսպում էր իր արտասուքը: Այսպես եղավ Հայաստանի առաջին կառավարության մուտքը Երևան՚:

Քաջազնունու կառավարությունն ուներ չորս նախարար Արամ Մանուկյան (ներքին գործեր), Ալեքսանդր Խատիսյան (արտաքին գործեր), Հովհաննես Հախվերդյան և Խաչատուր Կարճիկյան: Բոլորը, բացառությամբ Հախվերդյանի, դաշնակցականներ էին: Երևան մեկնելուց առաջ Քաջազնունին և Ազգային խորհուրդը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ էր նշանակել մի քանի վայրերում. Վրաստանում Արշակ Ջամալյանին, ռուսական կամավորական բանակի մոտ Հովհ. Սաղաթելյանին, Կոլչակի բանակի մոտ Գր. Ձամոյանին, Կուբանի և Դոնի կառավարությունների մոտ Սիմոն Վրացյանին:

Մինչ Հայաստանի կառավարության Երևան փոխադրվելը հանրապետությունը ղեկավարում էր Արամ Մանուկյանը, ով պետական կառուցվածքներ ստեղծելու, կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարել: Անհրաժեշտ էր ստեղծել պետական մեքենա, իրավակարգ, երկիրը դուրս բերել անիշխանությունից, գաղթականությանն ապահովել սննդով, լուծել սահմանային վեճերը հարևանների հետ, հնազանդեցնել մահմեդականների ներքին խռովությունները` ուղղված հայազգի մեծամասնության և վերջինիս նորանշանակ կառավարության դեմ: Հայաստանում և առհասարակ հայ իրականության մեջ գործող ամենախոշոր ու ազդեցիկ ուժը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էր, որը և հիմնականում միայնակ իր ուսերի վրա կրեց անկախ հանրապետության քաղաքական ողջ պատասխանատվությունը:

Թեև Բաթումում կնքվել էր հաշտություն, հայերն ու թուրքերը դաշնագրի բովանդակությունը տարբեր կերպ էին մեկնաբանում: Դաշնագրի հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով, Երևանի Ազգային խորհուրդը Ալեքսանդրապոլ ուղարկեց հատուկ պատվիրակություն Մկրտիչ Մուսինյանի գլխավորությամբ, որին հանձնարարվեց բանակցել թուրք հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի հետ Բաթումի դաշնագրից բխող մի քանի հարցերի շուրջ. գաղթականության վերադարձն իրենց տեղերը, գերիների փոխանակումը, թուրքական զորքի Հայաստանից անցնելու պայմանները, երկաթուղու փոխանցման խնդիրը, Ղարաքիլիսայի պարպումը և հանձնումը հայերին: Թուրքերը չընդունեցին հայերի պահանջները: Հուլիսի 7-ին, առանց ընդհատելու Ալեքսանդրապոլի բանակցությունները, թուրքերը կրկին առաջ շարժվեցին Սարդարապատի ուղղությամբ: Սիլիկյանը զորքերին հրամայեց թողնել երկաթուղին և դիրքեր գրավել Էջմիածնի շրջանում: Դիրքային կռիվները շարունակվեցին մինչև հուլիսի 9-ը. թուրքերը դիրքեր գրավեցին Երևանից 7 կմ հեռու` թնդանոթների բերաններն ուղղելով դեպի Հայաստանի մայրաքաղաքը:

Ծանր ու խռովահույզ օրերն էին: Թի‎ֆ‎լիսի Ազգային խորհուրդ, առանց Երևանի Ազգային խորհրդի գիտության, Թիֆլիսում հռչակել էր անկախություն, և Արարատյան փոքրիկ Հայաստանը, Արամի հզոր ու արթուն հսկողության տակ ապրում էր անստույգ ճակատագրի մռայլ օրերը, գրում է ժամանակի դաշնակցական գործիչներից Վահան Նավասարդյանը: Մի բացառիկ երկիր էր օղակաձև շղթայով շրջապատված իր չորս կողմերից, զուրկ արտաքին աշխարհի հետ կապվելու, նրան լուր տալու և այնտեղից լուր առնելու գրեթե բոլոր հնարավորություններից: Մի երկիր, որի արտաքին գործերի վարիչը կրում էր այդ կոչումը միամիայն նրա համար, որովհետև դժվար է երևակայել մի կառավարություն, ուր այդ կոչումը չկա: Օղակված ու շղթայված թուրք զորքերով ու թաթար ազգաբնակչությամբ, Հայաստանն ապրում էր ինքն իր համար, ապրում էր իր խոհերի ու տառապանքների հետ մատնված գալիքի օրհասի ահավոր սարսափներին:

Վրացյանի բառերով ՙանձև քաոսի ու ավերակների կույտ՚ էր Հայաստանն այդ օրերին: ՙՑնծության աղաղակներով ու ծափերով չընդունվեց հանրապետության ծնունդը: Հակառակը, շատերի համար նա նկատվում էր անժամանակ ծնունդ: Ոմանք չէին հավատում նրան. անկախություն և հանրապետություն բառերը դնում էին չակերտի մեջ: Եվ այդպես վարվելու հիմքերը շատ էին զորավոր. իրոք որ զարհուրելի էին պայմանները, և անկախությունն այդ պայմաններում թվում էր հեգնանք: Հայերի ձեռքը մնացել էր մի փոքրիկ հողաշերտ հազիվ 12 հազար քառ. կմ. աղքատ ու կիսակործան մի երկիր կծկված ցամաք լեռների մեջ, աշխարհի խուլ անկյունում, ծանրաբեռնված գաղթականներով ու որբերով, շրջապատված ատամ կռճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական: Սով ու համաճարակ, ավար ու ավեր, լաց ու թշվառություն, կոտորած ու սարսափ: Իսկ մյուս կողմը Էնվերի բանակը հաղթական համաթուրքական երազներով տոգորված, որ Հայաստանի վրայով ձգտում էր դեպի Ապշերոն ու Թուրքեստան: Այդպես էր դրությունը Հայաստանում, իսկ Թիֆլիսում տիրում էր կատարյալ շփոթ: Մայիսի 26-ից հետո հայ-վրացական հարաբերությունները լարվել էին: Վրացիները արբեցած իրենց անկախությամբ ու գերմանական հովանավորությամբ, թշնամանքով էին նայում ՙռուսների պոչից պոկ չեկող՚ հայերին, որոնք իրենց հերթին վրացիներին համարում էին դավադիր, դավաճան՚:

Հայաստանի այս անշուք ծնունդին նախորդել էր ցարական կարգերի տապալումը Ռուսաստանում: Հենց Ռուսաստանին կցված հայկական տարածքներից մի փոքր հողակտորի վրա 1918թ. մայիսին հռչակվեց հայկական հանրապետությունը Բագրատունիների հայոց թագավորության և Կիլիկյան Հայաստանի հայկական պետության անկումից համապատասխանաբար շուրջ ինը դար և ավելի քան հինգ հարյուր տարի անց: Չնայած հաջորդող ամիսներին Հայաստանն աստիճանաբար ընդարձակվելու էր անձև քաոսից դառնալով իրական հանրապետություն, Օսմանյան կայսրության և քեմալականների ռազմաքաղաքական հսկողության ներքո գտնվող հայկական շրջաններն այդպես էլ Հայաստանի Հանրապետության մաս չկազմեցին:

Ավելի քան իննսուն տարի ու այսօր ՙԱզատ, անկախ և միացյալ Հայաստան՚ ունենալու հայկական երազանքը շարունակում է փշրվել Արարատի լանջերին:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի արխիվից

Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:

Փափուկ կազմ, 485 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
2012, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-365-2,

The post Հայաստանի առաջին՝ Հովհաննես Քաջազնունու կառավարության ժամանումը Թիֆլիսից Երևան. 19 հուլիս, 1918թ appeared first on Aniarc.

#news #featured

Հայաստանի առաջին՝ Հովհաննես Քաջազնունու կառավարության ժամանումը Թիֆլիսից Երևան. 19 հուլիս, 1918թ - Aniarc

1918 թվականի մայիսը, թվում էր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի գոյության վերջին օրերն էին: Արարատի ստվերի տակ հավաքված արևելահայերն ու ցեղասպանությունից փրկված արևմտահայերի մի հատված միայնակ էին մնացել օսմանյան մի քանի զորամասերի առաջ, որոնք անցնելով Ախուրյանն ու Արաքսը, հարձակվում էին Ղարաքիլիսայի (այժմ` Վանաձոր), Բաշ-Ապարանի (այժմ` Ապարան) և Սարդարապատի ուղղությամբ: Ոտքի էին ելել նաև Երևանի նահանգի […]

Aniarc

Երիտթուրքերի կենտրոնում՝ Ահարոնյանի, Խատիսյանի և Պապաջանյանի հանդիպումները հայ ժողովրդի ջարդարարների հետ․ հուլիս, 1918թ

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

——————————————————

Հայկական խաղարարար պատվիրակության օրագիր

13 հունիս-31 օգոստոս, 1918թ, Կ․ Պոլիս

Հուլիսի 12-ին մեր պատվիրակությունից մի քանիսը՝ Մ․ Բունիաթյան, Գ․ Խատիսյան, գնդ․ Շահբաղյան, Տ․ Միրզոյան և Հ․ Բերբերյան, կովկասյան մյուս պատվիրակութոյւնների հետ շոգենավով գնացին Բուրսա, որտեղ կառավարությունը կազմակերպել էր հատուկ էքսկուրսիա։

Հուլիսի 15-ի առավոտյան ժամը 11-ին Ահարոնյանը, Խատիսյանը և զորավար Կորգանովը տեսակցություն ունեցան Թալեաթ փաշայի հետ․․․

Հուլիսի 16-ին Խատիսյանը եղավ արտգործնախարար Նեսսիմի բեյի մոտ։

Հուլիսի 18-ի երեկոյան ժամը 7-ին մեզ մոտ եկավ Մուխտար բեյը և Էնվեր փաշայի կողմից խնդրեց, որ մենք տանք նրան մեր քարտեզը՝ ցույց տալով մեր ակնկալած սահմանները։

Հուլիսի 22-ին Մուխտար բեյին ներկայացրեցինք՝ Էնվեր փաշային հանձնելու համար, մեր քարտեզը՝ նոր, փոփոխված սահմաններով, բացատրություններով հանդերձ։

Հուլիսի 25-ին, ժամը 2․30-ին Ահարոնյանը, խատիսյանը և Պապաջանյանը գնացին Երիտթուրքերի կենտրոն՝ կոմիտեի հետ առանձին տեսակցության։ Տեսակցությունը տևել է երկու ժամ և շոշափվել են շատ կարևոր խնդիրներ։ Բովանդակութոյւնը առանձին արձանագրված է։

Երեկոյան մեզ մոտ եկավ Ռուֆի բեյը կառավարության կողմից և հայտնեց, որ վաղը Երևան է գնում արտակարգ լիազոր զինվորական իշխանության կողմից Աբդուլ Կերիմ փաշան՝ կարգավորելու Բաթումի դաշնագրից բխող մի շարք խնդիրներ։

Երեկոյան ժամը 10-ին մեզ մոտ այցելության եկավ Բեռնում թուրք դեսպան Ֆուադ բեյը, երկար խոսակցություն ունեցավ մեզ հետ։ Իր, ըստ երևույթին առաջադեմ հայացքներով, նա լավ տպավորություն թողեց մեզ վրա։

Հուլիսի 29-ին Խատիսյանը եղավ արտգործնախարար Նեսսիմի բեյի մոտ․․․ Տեսակցության մանրամասները առանձին արձանագրված են։

Հուլիսի 31-ի երեկոյան մեզ մոտ էր Երիտթուրքերի գլխավոր կոմիտեի նախագահ, դոկտոր Բեհաեդդին Շաքիր բեյը։ Նա առանձին խոսակցություն ունեցավ Ահարոնյանի հետ, դրա ամփոփումը առանձին։

Օգոստոսի 2-ին մեր պատվիրակները և զորավար Կորգանովը ներկա եղան Սելամլիքին։ Այնտեղ ծանոթացան Մեհմետ Ալի փաշայի հետ։ Երևում է՝ զուտ զինվորական մարդ է, առանց վատ տրամադրությունների, գիտի քիչ ռուսերեն, բավական ֆրանսերեն և գերմաներեն։

Օգոստոսի 6-ին մեր պատվիրակները գնացին և ներկա էին Հաջջի փաշայի թաղմանը։

Ներքին գործերի նախարար Ջանբուլատ բեյը նամակ է գրել մեզ, որով նշանակում էընդունելություն ամսի 8-ի առավոտյան։

Օգոստոսի 15-ին ժամը չորսին երեք պատվիրակները՝ Ահարոնյան, Խատիսյան, Պապաջանյան, գնացին տեսակցության արդարադատության նախարար Խալիլ բեյի մոտ։ Խոսակցության նյութը արձանագրված է առանձին։

Օգոստոսի 20-ի առավոտյան Ահարոնյանը, Խատիսյանը և Պապաջանյանը գնացին տեսակցության Էնվեր փաշայի մոտ։ Խոսակցության նյութը գլխավորապես գաղթականությանն էր վերաբերում և արձանագրված է առանձին։

Օգոստոսի 27-ի երեկոյան մեզ մոտ հրաժեշտի ճաշի էին հրավիրված Մուխտար բեյը, որը նշանակված էր Ուկրաինայի դեսպան և գնում էր Կիև, և Ռուֆի բեյը, որը նշանակված էր գլխավոր հյուպատոս Խարկովում։ Նրանց ի հիշատակ մի մի ընծա մատուցեցինք։

Օգոստոսի 31-ի առավոտյան ամբողջ պատվիրակությունը ներկա էր Սուլթանի թրակապության հանդեսին (համապատասխանում է մեր թագադրությանը):

ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 8, թ․ 1-31։ Բնագիր, ձեռագիր։

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 210-217:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/04/12/aharonian-delegation-enver-talaat-june-july-1918/

The post Երիտթուրքերի կենտրոնում՝ Ահարոնյանի, Խատիսյանի և Պապաջանյանի հանդիպումները հայ ժողովրդի ջարդարարների հետ․ հուլիս, 1918թ appeared first on Aniarc.

#news #uncategorized #հայթուրքականօրագիր #featured #ալեքսանդրխատիսյան #ավետիսահարոնյան #երիտթուրքեր #միքայելպապաջանյան

Երիտթուրքերի կենտրոնում՝ Ահարոնյանի, Խատիսյանի և Պապաջանյանի հանդիպումները հայ ժողովրդի ջարդարարների հետ․ հուլիս, 1918թ - Aniarc

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել […]

Aniarc

Ի՞նչ է կատարվել պատերազմի առաջին օրը, 27 սեպտեմբերի, 2020թ. Էդմոն Մարուքյան

Ի՞նչ է կատարվել 44-օրյա պատերազմի առաջին օրը, 27 սեպտեմբեր 2020թ

Այս մասում Էդմոն Մարուքյանը, այն ժամանակ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության և խմբակցության ղեկավար, պատմում է 44-օրյա պատերազմի առաջին օրվա մասին:

Այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայտարարվեց ռազմական դրություն, ընդհանուր զորահավաք, գործողության մեջ դրվեց ՀՀ Զինված ուժերի կիրառման պլանը, ՀՀ Զինված ուժերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվեցին պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի:

Այդ նույն որոշման համաձայն՝ Հայաստանում հայտարարվեց պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:

The post Ի՞նչ է կատարվել պատերազմի առաջին օրը, 27 սեպտեմբերի, 2020թ. Էդմոն Մարուքյան appeared first on Aniarc.

#news #video #featured

Ի՞նչ է կատարվել պատերազմի առաջին օրը, 27 սեպտեմբերի, 2020թ. Էդմոն Մարուքյան - Aniarc

Ի՞նչ է կատարվել 44-օրյա պատերազմի առաջին օրը, 27 սեպտեմբեր 2020թ Այս մասում Էդմոն Մարուքյանը, այն ժամանակ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության և խմբակցության ղեկավար, պատմում է 44-օրյա պատերազմի առաջին օրվա մասին: Այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայտարարվեց ռազմական դրություն, ընդհանուր զորահավաք, գործողության մեջ դրվեց ՀՀ Զինված ուժերի կիրառման պլանը, […]

Aniarc

Բրեստ-Լիտովսկից ոչ մի զիջում. Երևանը անընդունելի է համարում Բաթումի պայմանները – 5 հունիս, 1918

ԱՆԻ-ի տեղեկանքը

_Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՅԴ**«Աշխատանք»** թերթի՝ 1918թ․ հունիս 5-ի համարում լույս տեսած երկու հոդված։ Թերթի խմբագիր-հրատարակիչը Արամ Մանուկյանն էր։ Այս հրապարակումից ակնհայտ է դառնում այն հակասությունը, որ եղել է Երևանի և Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդների միջև՝ կապված թուրքերի դեմ կռիվները Արարատյան դաշտում, Շիրակում շարունակելու և Բաթումում բանակցելու հարցում։ _

Ինչպես հայտնի է, հայկական ուժերը՝ Հայկական կորպուսը, կարողացավ թուրքերին կանգնեցնել, ապա նրանց ծանր մարդկային կորուստներ հասցնելով մինչև մայիսի 29-ը հետ քշել Բաշ-Ապարանում ու Սարդարապատում: Հաղթանակով ոգևորված հայերն առաջ էին շարժվում դեպի Ալեքսանդրապոլ: Գեներալ Սիլիկյանը մտադիր էր թուրքական զորքերին հետապնդել մինչև Ալեքսանդրապոլ և հավատում էր, որ հայկական ուժերը կկարողանան երկու օրում հետ վերցնել քաղաքը:

Մայիսի 29-ին Սիլիկյանը երկորդ կոչն է ուղղում հայերին. ՙՄենք պետք է թուրքերից հետ վերցնենք Ալեքսանդրապոլը: Նրանք պահանջում են Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի (Մայր տաճարի հետ) գավառները, Երևանի նահանգի մեծ մասն ու Նախիջևանը: Կարո՞ղ ենք թույլ տալ նման վիրավորանք: Երբե’ք, հա’յ ժողովուրդ, դու չպիտի թույլ տաս այդպիսի անարգանք: Եվ այդ անարգանքը տեղի չի ունենա, եթե մենք հասնենք մինչև Ալեքսանդրապոլ: Դեպի’ զենք բոլորդ, դեպի’ Ալեքսանդրապոլ՚:

Սակայն երբ հայկական զորքերը մոտենում էին Ալեքսանդրապոլին, զորավար Թովմաս Նազարբեկյանը Հայկական կորպուսին կանգ առնելու հրաման տվեց: Երևանի Ազգային խորհրդի անդամների մի մասը առաջարկվում էր հաշտվել կացության հետ և ընդունել Բաթումի դաշնագրի պայմանները, ուրիշները պահանջում էին չեղյալ համարել Նազարբեկյանի հեռագիրը, զորքերի ընդհանուր հրամանատար նշանակել Սիլիկյանին և շարունակել պատերազմը: Ազգային խորհուրդը չկարողացավ միակամություն դրսևորել, և Սիլիկյանին մնում էր ենթարկվել Նազարբեկյանի հրամանին:

Բաթումում բանակցությունները սկսվել էին մայիսի 29-ին և ավարտվել հունիսի 4-ի Հաշտության և բարեկամության դաշնագրով Հայաստանի և Օսմանյան կայսերական կառավարության միջև։

Ապահով հաշտություն

Հայոց Ազգային խորհուրդը Տաճկաստանի (Թուրքիայի) հետ հաշտության բանակցություններ է վարում…

Ղեկավար մարմինների պարտականությունն է այսպիսի օրհասական րոպեներին ամեն գնով ապահովել իրենց ժողովրդի գոյությունը…

Պետք է փրկել հայ ժողովուրդը: Իսկ այդ փրկությունը կարող է լինել միայն երեք եղանակով, որոնք բոլորն էլ հնարավոր են մեր ներկա պայմաններում:

  • Հիմք ընդունելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը՝ ոչ մի զիջում չանել: Թշնամին կարող է միայն սպառնալ, բայց ոչ երբեք հաղթահարել մեզ: Նա զինվորական գոհացուցիչ ուժ չունի մեր ճակատում, չունի, չունի, դարձյալ պնդում ենք՝ չունի: Եթե նա ուժ ունենար ոչ թե հաշտության մանյովրներով կզբաղվեր մեզ հետ, այլ մի խիզախ հարձակմամբ կգրավեր մեր երկիրը և իսպառ կջնջեր մեզ: Նա միաժամանակ հարձակում կգործեր խիտ շարքերով Շահթախտից, Իգդիրից, Կողբից, Ալեքսանդրապոլից և Ղարաքիլիսայից: Բայց գոհություն Աստուծո, շնորհիվ Անգլիայի մեզ մատուցած անուղղակի ծառայության, թշնամին զրկված է այդպիսի ուժից ահա մի ամբողջ տարի:
  • Ուրեմն, մեզ մնում է միայն գրավել Ալեքսանդրապոլը և Ղարաքիլիսան ու պաշտպանողական դիրք բռնելով՝ ձանձրացնել և ձեռնաթափ անել թշնամուն:

  • Տաճկական ոչ մի ասկյար չպետք է ոտք կոխի մեր այն հողամասում, որը Բրեստի պայմանագրով մեզ է վերապահված: Ահա մեր երկրորդ պայմանը: Փակագծի մեջ ասենք, որ Անդրկովկասի անկախության խնդրում մեր ակամա հանաձայնությունը՝ Սեյմի կազմալուծումից հետո, այլև արժեք չունի և մենք հայերս կարող ենք մեզ և մեր երկիրը համարել մեծ Ռուսաստանի անբաժան մի մասը և իրավւնքով միշտ պնդել Բրեստի պայմանագրի վրա: Իսկ գծի համար տաճիկը թող դիմի Մոսկվային:
  • Եթե մեր ղեկավար մարմինները կամ զինվորական իշխանությունը տակավին մեզ անհայտ, բայց շատ հարգելի պատճառներով մեզ խորհուրդ տան կամ համոզեն մի շարք ոչ ցանկալի զիջումներ անել տաճիկին, այն ժամանակ անհրաժեշտ է հայ ժողովրդի գոյությունըպահպանելու համար մնայուն բաց թիկունք պահել:
  • Այլ կերպ՝ մենք գործած կլինենք քաղաքական խոշոր սխալ, որը կգերազանցի բոլոր նախորդներին: Ահա թե ինչում է կայանում ապահով, չեմ ասում՝ պատվավոր հաշտությունը:

    Միշտ նույն ճանապարհով

    Մինչ Երևանի հայությունը գերհզոր ճիգեր էր գործադրում փրկելու իր պատիվն ու կյանքը և միաժամանակ պարտությունների էր ենթարկում թշնամուն, անդին՝ Բաթումում, դարձյալ վերսկվսում են հաշտության բանակցությունները, այս անգամ՝ Հայոց Ազգային խորհրդի կողմից:

    Դեռ երեկ էր, երբ ոչ մի պայման ու սրբություն չճանաչող թշնամին իր հրեշային նպատակներն իրագործելու փութկոտությամբ ներխուժեց Ալեքսանդրապոլ, գրավեց այն, հավաքեց ու Ղարս ուղարկեց այնտեղի 4000 զինվորներին, նաև՝ օրիորդներ, բժիշկներ, ֆելդշերներ, գթության քույրեր և հիվանդանոցի ծառայողներ: Այսօր նա նոր պայմաններ է առաջարկել և վերջնագրով նոր պահանջներ է դրել՝ «իր կայսրության ցեղային ու կրոնական տեսակետներով ամուր կապված Կովկասի մուսուլման ազգաբնակչության հանգիստը ապահովելու և հարյուր հազարավոր ավազակախմբերի արյունոտ լծից և չափ ու սահման չճանաչող բռնություններից ազատելու համար»: Նաև իր ռազմական նպատակներն իրագործելու համար ՝ «պետք է իրեն զիջվեն մի շարք կարևոր հողամասեր և անհրաժեշտորեն տրամադրելի լինեն ամբողջ երկաթուղագծերը՝ զորքերի անարգել տեղափոխությունը կատարելու համար»:

    Երևանյան զորամասի հրամանատարը՝ հայտարարելով, որ թշնամին նպատակ ունի ամբողջապես ոչնցացնել մեզ, ասում է՝ «Մեր բոլորիս մտքերն ամբողջովին պետք է ուղղված լինեն դեպի Ալեքսանդրապոլ, մենք պետք է հետ վերցնենք այն և ապա միայն բանակցության մեջ մտնենք թուրքերի հետ՝ խաղաղություն կնքելու համար»:

    Իսկ Հայոց Կենտրոնական Ազգային խորհուրդը, որ իր և Թիֆլիսից բացի ուրիշ ոչնչի մասին չմտածեց ու չհոգաց և թողեց, որ հայկական շրջանները մեկուսանան, կտրվեն, ապրեն կամ մեռնեն, և որ բոլոր սխալները գործեց, իբր թե ստիպված մյուս ազգությունների հետ միասին, այսօր կրկին անգամ առանց կապ ունենալու Երևանի հայության հետ, առանց իրավունք ունենալու նման ճակատագրական ձեռնարկ կատարելու և, վերջապես, առանց հրահանգ ստանալու՝ բանակցություններ է սկսել, ո՞վ գիտի՝ ինչ մեծ զոհողություններով, և հայության բախտը տնօրինելու քայլն է արել:

    Եվ եթե երբեք կնքված է հաշտությունը, ստորագրված են պայմանները, ընդունված է Թուրքիայի վերջնագիրը, այդ հողամասերը զիջված են առանց հայության կամքին և կարծիքին, ապա ուրեմն գործված է հանցանքների ամենասևը, դավաճանության ամենասոսկալին, որոնց նմանը հայկական տարեգրության մեջ չի եղել:

    Մի՞թե Երևանի հայությունը կռիվ հայտարարեց, դիմադրություն կազմակեպեց, հաղթանակներ տարավ նրա համար, որպեսզի այսօր ստրկանա, ստորանա, որպեսզի թուրքերին հանձնի իր երկրի կարևոր հողամասերը և այդպիսով՝ իր ձեռքով իր գերեզմանը փորի:

    Ինչո՞ւ ուրեմն հավատալ դաշինքներին և պայմաններին, ինչո՞ւ զիջել նոր հողամասեր և վերջապես, այս ճակատագրական ժամին, երբ պետք է մեր դատավճիռը կարդացվի, ինչո՞ւ թուլացնել մեր զինվորության և ժողովրդի անընկճելի ոգին ու չշարունակել այն էլ ավելի հրահրել ու բոցավառել, որպեսզի անարգ թշնամին ոտք չդնի մեր օջախը, չսրբապղծի մեր պատիվը և արյան բաղնիքի չվերածի մեր հայրենիքը:

    Շարունակել ուրեմն ընթանալ միշտ նույն ճանապարհով:

    «Աշխատանք», Գ․ տարի, չորեքշաբթի, 5 (23) Յունիս, 1918, թիւ 5 (205), Երևան, խմբագիր-հրատարակիչ՝ Արամ Մանուկյան

    The post Բրեստ-Լիտովսկից ոչ մի զիջում. Երևանը անընդունելի է համարում Բաթումի պայմանները - 5 հունիս, 1918 appeared first on Aniarc.

    #news #հայթուրքականօրագիր #featured #աշխատանք

    Բրեստ-Լիտովսկից ոչ մի զիջում. Երևանը անընդունելի է համարում Բաթումի պայմանները - 5 հունիս, 1918 - Aniarc

    ԱՆԻ-ի տեղեկանքը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՅԴ «Աշխատանք» թերթի՝ 1918թ․ հունիս 5-ի համարում լույս տեսած երկու հոդված։ Թերթի խմբագիր-հրատարակիչը Արամ Մանուկյանն էր։ Այս հրապարակումից ակնհայտ է դառնում այն հակասությունը, որ եղել է Երևանի և Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդների միջև՝ կապված թուրքերի դեմ կռիվները Արարատյան դաշտում, Շիրակում շարունակելու և Բաթումում բանակցելու հարցում։  Ինչպես հայտնի է, հայկական ուժերը՝ […]

    Aniarc

    Թիֆլիսի հայ ղեկավարները չեն հաշտվում Հայաստանի անկախության գաղափարի հետ. 1918-ի հունիս

    Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

    ——————————————————

    Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի Երևան տեղափոխվելու խնդիրը

    Վերջապես [Բաթումից Թիֆլիս] է հասնում հայկական պատվիրակությունը: Խատիսյանը զեկուցում է տալիս. «Մենք մեզ հայտարարեցինք անկախություն, թերևս լայնացնելով և խլելով ձեր իրավունքները, բայց այլ կերպ անհնար էր, պետք էր հիմնավորել մեր գոյությունը իբրև սուվերեն մարմին»:

    Ազգային խորհրդի անդամներից շատերը դեռ երկար ժամանակ չէին կարողանում հաշտվել անկախության և Ռուսաստանից բաժանվելու գաղափարի հետ:

    Վրաստանը, առանց տատանվելու, հայտարարել էր իր անկախությունը: Հայոց Ազգային խորհուրդը պետք է ճշտեր իր դիրքը նրա հանդեպ և երկար վիճաբանություն է տեղի ունենում՝ արդյոք պետք է՞ ողջունել դրացի ազգի անկախությունը, թե՞ ոչ: Համ. Առաքելյանը ասում է. «Չպետք է անկախության դեմ գնալ, բայց և չողջունել: Չքննենք, թե ինչ դրություն է ստեղծվում մեզ համար, մանավանդ որ անկախություն ողջունելը կարող է դավաճանական քայլ համարվել Ռուսաստանի դեմ»:

    Բայց եղածը եղած է և պետք է ընդունել անկախությունը, թեպետ «այս անկախությունը մենք ընդունում ենք իբրև մի բռնի քայլ, որ մեր ժողովրդի ստրկությունն է, այն էլ՝ թուրքական» (Ղ. Տեր Ղազարյան):

    Այժմ պետք է իբրև անկախ պետություն կազմակերպվել և ամենից առաջ ունենալ իր կառավարությունը և նույն հունիսի 7-ի նիստում տրվում են հետևյալ որոշումները.

  • Ազգային խորհուրդը ժամանակավորապես դառնում է Հայկական պետության օրենսդրական մարմին:
  • Ազգային խորհուրդ օրենսդրական մարմինը գնում է Երևան:
  • Ազգային խորհրդի անունը դնել Հայաստանի Պետական խորհուրդ (ժողով):
  • Քաջազնունուն հանձնել կառավարություն կազմել կոալիցիոն սկզբունքով:
  • Երևան տեղափոխվելու խնդիրը սարսափեցնում էր շատերին: Ամենքը նախընտրում էին մնալ Թիֆլիս Հայաստանի Հանրապետության նախարարի անունով և այնտեղից կառավարել նոր հաստատված «Արարատյան Հանրապետությունը»:

    Հայաստանի անկախության համար ստեղծվել էր անբնական վիճակ: Երկիրը անկախություն է ստանում, պետություն է կազմվում, բայց ոչ լրիվ կառավարություն ուներ և ոչ էլ նույնիսկ այդ թերատ կառավարությունը գտնվում էր այն երկրում, որի անունով հայտարարվում է պետությունը: Հայոց պատմության մեջ ինձ հայտնի չէ ուրիշ ժամանակ, երբ այսքան կարևոր րոպեին այսքան տարտամություն, թուլություն, երկյուղ [լինի], և որ ավելի վատթարն է, անձնական նկատումներ երևան գալը և հայրենիքի ու ժողովրդի հրատապ պահանջի առջև շաբաթներով վիճաբանելն ու վճռական քայլով առաջ չերթալ: Այո, ես չեմ հիշում հայ պատմության մեջ այսպիսի ամոթալի մտայնություն: Դեռ ավելին, վրաց կառավարությունը մայիս 26-ին իր անկախությունը հայտարարելով, հունիս 1-ին պաշտոնապես հաղորդում է Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդին, որ «Վրաստանում այլևս անթույլատրելի է որևէ ուրիշ մարմնի գոյությունը, որ ունենա օրենսդիրի և կառավարության իրավունք, քանի որ սա պիտի նշանակի վրաց ժողովրդի գերիշխանության իրավունքի խախտում»: Սակայն հակառակ նույնիսկ այս պաշտոնական վտարումին, Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը սուտ խուլ է ձևանում և ամիս ու կես շարունակում վիճել Երևան տեղափոխվելու համար:

    Այսպես, Ստ. Մամիկոնյանը առաջարկում էր. «Երևանը փոքր է և չի կարող նպատակակետ լինել, չի կարելի Ազգային խորհուրդը տեղափոխել Երևան և նրանով սահմանափակվել. նա պետք է մնա Թիֆլիսում իբրև մի բարոյական շաղկապ ընդանուր հայության: Իսկ Երևանի համար պարլամենտի գոյությունն ավելորդ է»:

    Իսկ երբ Քաջազնունին առաջարկում է ձիով՝ լեռնային ճանապարհով անցնել Երևան, Սամսոն Հարությունյանը «տարօրինակ է գտնում, որ Հայաստանի կառավարությունը այծի ճանապարհով գնա»:

    Բայց կան և ուրիշներ, որոնք առաջարկում են «չդնել կառավարությունը ծուղակի մեջ, քանի անապահով է, քանի դեռ բանակցությունները (Պոլսում) չեն վերջացել, ռիսկ է գնալն էլ, կազմելն էլ»: (Կարճիկյան):

    Ազգային խորհրդի մեկ այլ անդամ՝ Նիկոլ Աղբալյանը, առարկում էր. «Հայաստանի կառավարությունը հարկադրական մի բան է, մի կատարյալ բանտ, սպասենք մինչև կորոշվի բանակցության ելքը»:

    Երևանից Թիֆլիս հասած բժիշկ Հովհաննես Մելիքյանը (Հայ ժողովրդական կուսակցություն) զեկուցում է. «Կտրված լինելով ամբողջ աշխարհից, զուրկ հացից, իշխանությունից, Երևանը այնպիսի կրկիտիկական վիճակի մեջ է, որ հրամայական անհրաժեշտություն է ներկայացնում Ազգային խորհրդի տեղափոխությունը Երևան, որքան կարելի է շուտ, հակառակ դեպքում անիշխանությունը մեծ ծավալ կստանա»:

    Հուլիսի 5-ին Թիֆլիսում ստացվեց Արամ Մանուկյանի Երևանից հունիսի 26-ին գրած նամակը. «Ներքին անարխիան սոսկալի չափեր է ընդունել, հարկավոր է շուտափույթ իշխանություն կազմակերպել և գործի անցնել: Մինչև հիմա դա չենք արել, շարունակ սպասել ենք ձեզ, իսկ դուք չկաք ու չկաք… Եթե այս նամակը ձեր ձեռքը հասնելու օրից հաշվելով երկու շաբաթվա ընթացքում դուք Երևան չհասնեք, հայտարարել Թիֆլիսի և ուրիշ տեղերի թերթերում, որ դուք այս երկրի ներկայացուցիչները չեք, որ ձեզնից հուսահատված, անմիջապես կազմակերպվելու է սահմանադիր ժողով՝ ժողովրդի կամքով որոշելու երկրի բախտը՝ ճակատագիրը… »:

    Այս նամակի հետ ուղարկվել էր նաև Երևանի Ազգայի խորհրդի մի նամակ, որի առաջին էջը կորցվել էր, մնացյալ մասում գրված էր. «Կրկնում ենք, փոխանակ այս կյանքի ու մահվան հարցերով զբաղվելու, դուք զբաղված եք կուսակցական վեճերով, կառավարության աթոռների բաժանման վեճերով» (ստորագրություն ի նախագահի՝ Հով. Տեր Միքայելյան):

    Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի մեջ կային նաև մարդիկ, որոնք պատրաստ էին իրենց կյանքի գնով Երևան գնալ և տեղում իշխանություն հաստատել: Սրանց մեջ սկզբից ի վեր իր վճռականությամբ փայլում է նոր կառավարության ընտրված նախագահ Քաջազնունին. «Չի կարելի անվերջ խոսել և ոչ մի իրական քայլ չանել այնպիսի խնդիրների նկատմամբ, որոնք կյանքի և մահվան նշանակություն ունեն մեր ժողովրդի համար»:

    Նույն պահանջը կրկնում է Կարճիկյանը, որ, ինչպես տեսանք, Երևանը ծուղակ էր համարում կառավարության համար:

    Քաջազնունու մուրճի հարվածների տակ և Արամի սպառնալիքներից ազդված, հուլիսի 6-ին որոշում է կայացվում. «Հայոց Ազգային խորհուրդը տեղափոխվում է Երևան, հայտարարում է իրեն Հայաստանի Հանրապետության պառլամենտ՝ Հայաստանի խորհուրդ անունով, և կազմում է կառավարություն»:

    Հակառակ այս որոշման, առարկությունները չեն վերջանում: Հուլիսի 12-ին Քաջազնունին ճարահատ հրաժարվում է վարչապետի պաշտոնից: Ժողովը շփոթության է մատնվում, որից հետո հաջորդ օրվա նիստում նոր որոշում է կայացնում՝ հուլիսի 17-ին մեկնել Երևան:

    Հուլիսի 15-ի նիստում, որ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի վերջին նիստն էր, Ստ. Մանիկոնյանը մի վերջին փորձն է անում՝ խանգարելու գործը…

    Բարեբախտաբար, խորհուրդն այս անգամ ընթացք չի տալիս: Որոշվում են Երևան մեկնող անձինք.

  • ՀՅԴ-ից՝ Ավետիք Սահակյան, Ռուբեն Տեր Մինասյան, Խաչատուր Կարճիկյան, Արտաշես Բաբալյան, Սիրեկան Տիգրանյան, Հովհաննես Քաջազնունի,
  • Հայ ժողովրդական կուսակցությունից՝ Արշ. Մխիթարյան, Ստ. Մալխասյան,
  • Սոցիալ Դեմոկրատներից՝ Հայկ Ազատյան և Մ. Ղարագյոզյան,
  • Սոցիալիստ Հեղափոխականներից՝ Ա. Ստամբոլցյան:
  • Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 107-113:

    Լուսանկարում՝ Թիֆլիսը 20-րդ դարի սկզբին

    The post Թիֆլիսի հայ ղեկավարները չեն հաշտվում Հայաստանի անկախության գաղափարի հետ. 1918-ի հունիս appeared first on Aniarc.

    #news #featured #արամմանուկյան #հովհաննեսքաջազնունի

    Թիֆլիսի հայ ղեկավարները չեն հաշտվում Հայաստանի անկախության գաղափարի հետ. 1918-ի հունիս - Aniarc

    Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել […]

    Aniarc
    Լևոն Տեր Պետրոսյան` Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի. 7 հունիսի, 2021թ - Aniarc

    Aniarc