Ըստ Փաշինյանի՝ ԼՂ-ն հայաթափելը առաջնային չէ, բայց տարհանման պատրաստ են
Լեռնային Ղարաբաղում իրադրության դրական դինամիկա կա. սեպտեմբերի 22-ի կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ սա նաև Լեռնային Ղարաբաղի գործընկերների գնահատականն է։
«Նկատի է առնվում, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ։ Իրավիճակը դինամիկ է ու փոփոխական, բայց կարևոր է, որ մենք ամեն պահի ունենանք ճշտված տեղեկություն այդ պասհի մասին։ Որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ»,- հայտարարեց Փաշինյանը՝ չբացառելով, որ այսօր հումանիտար նշանակության ավելի շատ բեռներ կարող են մտնել Լեռնային Ղարաբաղ։ Նա ասաց՝ կան պայմանավորվածություններ հումանիտար բեռների տեղափոխման շուրջ, այդ գործընթացը կմեկնարկի թե ոչ՝ չի կարող ասել։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանմանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ տեղափոխման հետ կապված մենք գնահատում ենք, որ դա կարող է տեղի ունեալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների մնալու անհնարինությունը։ Այս պահին այդ անհնարինությունը առկա է, եթե իրավիճակը չբարելավվի, այդ խնդիրը բոլորի օրակարգում կլինի»։
Նա շարունակեց, որ սա համաձայնեցված է Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ։
«Մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ, մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք, որ մեր հայրենակիցները իրենց տներում առանց վախի, անվտանգ ու արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 19-ին Հայաստանը պատրաստվել է Լեռնայիին Ղարաբաղի բնակչության՝ ՀՀ տեղափոխման սցենարին, նախապատրաստվել է՝ որտեղ են տեղափոխվելու արցախցիները, ինչ աջակցություն է ցուցաբերվելու և այլն։
The post Ըստ Փաշինյանի՝ ԼՂ-ն հայաթափելը առաջնային չէ, բայց տարհանման պատրաստ են appeared first on CIVILNET.
#արցախ #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքականություն #ղարաբաղ #տարհանում #փաշինյան